«Եթե մենք չկանգնեցնենք գործող ռեժիմը, ապա արդեն մի քանի տարի անց համապետական ընտրություններում ստիպված կլինենք պայքարել ադրբեջանցի թեկնածուների դեմ, քանի որ Փաշինյանը պատրաստ է ընդունել հարյուր հազարավոր վերաբնակիչներ՝ սեփական իշխանությունը պահելու համար»։ Մայիսի 27-ին Շիրակի մարզի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա տնային կալանքի տակ է և չի կարող հանդիպումներ անցկացնել այլ վայրերում։

Ելույթի ընթացքում քաղաքական գործիչը հատուկ ուշադրություն է դարձրել Շիրակի մարզում տիրող աղետալի ժողովրդագրական իրավիճակին, որտեղ, պաշտոնական տվյալներով, բնակչության բնական հավելաճը կրճատվել է ավելի քան 50%-ով։ Կարապետյանը նշել է, որ մարզում մահացությունը գերազանցում է ծնելիությանը, ամուսնությունների թիվը կտրուկ նվազում է, իսկ ամուսնալուծությունների քանակը՝ աճում, ինչը հանգեցնում է սահմանամերձ գոտիներից հայ էթնոսի ուղղակի «լվացման»։ Քաղաքական գործչի կարծիքով՝ ձգձգվող քաոսը, համատարած վախի մթնոլորտը և գործող կառավարության կողմից ազգային էլիտայի ոչնչացումը հանգեցրել են նրան, որ զավթման վտանգի տակ են հայտնվել Սյունիքը և Հայաստանի այլ ռազմավարական տարածքներ։ Կարապետյանն ընդգծել է, որ Փաշինյանը արտաքին հովանավորներից սահմաններին ժամանակավոր անդորր է մուրում բացառապես մինչև հունիսի 7-ի քվեարկության օրը։

Իշխանության վերջնական կորուստը կանխելու համար դաշինքի առաջնորդը հայտարարել է արմատական օրենսդրական քայլերի մասին՝ իշխանության գալուց անմիջապես հետո։ Կարապետյանն ընդգծել է. «Հաղթանակից հետո մեր ընդունած առաջին օրենքը լինելու է «Սաֆարովների կանխարգելման» օրենքը, որը ադրբեջանցիներին զրկելու է Հայաստանում հողատարածքներ ձեռք բերելու կամ սեփականություն ունենալու ցանկացած իրավունքից»։

Քաղաքական գործիչը քաղաքացիներին կոչ է արել չտրվել ռեժիմի մանիպուլյացիաներին իբր ձեռք բերված «խաղաղության» մասին՝ հիշեցնելով, որ Նախիջևանն ու Արևմտյան Հայաստանն այսօր նույնպես «խաղաղ» են, բայց լիովին զրկված են հայկական ներկայությունից։ Կարապետյանը եզրափակել է, որ ուժեղ իշխանությունը կարող է կանխել ցանկացած արտաքին հարձակում և վերադարձնել բազմամիլիոնանոց Սփյուռքի վստահությունը, որը կգնա իր թիմի հետևից և կդառնա հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը։