Օտարերկրյա պետությունները բազմամիլիոնանոց պայմանագրեր են կնքում Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեռնարկությունների հետ։ Այս մասին մայիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով ռազմաարդյունաբերության և ընդհանուր առմամբ բանակի զարգացման վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ընդգծել է գիտության ֆինանսավորումը 2,5–2,7 անգամ ավելացնելու և գիտության ոլորտում աշխատավարձերը 100–300 տոկոսով բարձրացնելու կարևորությունը։ Նրա խոսքով՝ գիտությունը գրավիչ է երիտասարդների համար, իսկ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար հայրենական գիտնականների ներդրումը չափազանց կարևոր է։
Փաշինյանը հայտնել է, որ այցելել է գործարանների բացման արարողությունների, սակայն այդ այցերը չեն լուսաբանվել, քանի որ խնդիր էր դրված պայմաններ ստեղծել ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) կայացման համար, ինչն այժմ էլ տեղի է ունենում։ «Զարգացած երկրները բազմամիլիոնանոց պայմանագրեր են կնքում մեր ՌԱՀ-ի հետ։ Հայաստանն ունի մեծ գիտական ներուժ և ավանդույթներ։ Արտադրական կարողությունները կարևոր ու բարդ գործ են, բայց առանց բովանդակային հենքի դժվար է ապահովել համակարգի զարգացումը»,- հավելել է վարչապետը։
Նա վստահություն է հայտնել, որ 5 տարի հետո կայանալիք շքերթին հայրենական ռազմաարդյունաբերության արտադրանքն էլ ավելի լայնորեն կներկայացվի։ «Այժմ արդեն գործընթացներ են ընթանում, տեխնիկայի ձեռքբերմանը զուգահեռ ստեղծվում են արտադրություններ և երկարաժամկետ սպասարկման համար ենթակառուցվածքներ»,- հայտնել է Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր նույնպես ներկայացված չէ ողջ արտադրանքը, քանի որ շքերթի ժամանակը սահմանափակ է։











