«Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հյուր են կանչել։ Տանտիրուհին պարզվել է, որ նրա մոր ծանոթն է։

Նա ջերմորեն ողջունել է Թաթոյանին և թեկնածուի հետ զրույց է սկսել հարազատ բարբառով, ինչը վերջինիս շատ է դուր եկել։ Հին ծանոթների հետ շփումից հետո Թաթոյանն ու իր թիմակիցները քայլերթ են անցկացրել քաղաքով՝ մոտենալով քաղաքացիներին և ցանկացողներին բաժանելով իրենց քաղաքական ծրագիրը ներկայացնող բուկլետներ։ Բնակիչների հետ շփման ընթացքում նա պարբերաբար անցել է տեղի բարբառին՝ մասնավորապես ասելով՝ «ի՞մալ եք»։ Նման անմիջական շփումը շատերի սրտով է եղել։

«Ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ հայրս մարտունեցի է։ Ես իմ ողջ մանկությունն անցկացրել եմ Մարտունիում։ Եվ միշտ հպարտություն եմ զգում, երբ գալիս եմ այստեղ ու ինձ ասում են, որ ես էլ եմ մարտունեցի… Այս ընտրությունները մեզ համար իրականում պատմական նշանակություն ունեն։ Մենք ինքներս պետք է որոշենք, թե ով է դառնալու Հայաստանի վարչապետը։ Խնդրում եմ ձեզ, թույլ մի՛ տվեք, որ ինչ-որ մեկը ձեզ կառավարի։ Դա սխալ է մեր երկրի համար։ Ես ուզում եմ, որ դուք չմտածեք այն մասին, թե այս կամ այն երկրներն ում են ուզում տեսնել որպես Հայաստանի առաջնորդ։ Դա մե՛նք պետք է որոշենք, թե ով է դառնալու մեր երկրի ղեկավարը։ Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի, որ այդ ընտրությունը կատարեն Մարտունին, Գավառը, Երևանը, Մեղրին, Կապանը, Գյումրին։ Այ սա՛ է, որ նշանակություն ունի»,- հայտարարել է Արման Թաթոյանը՝ ելույթ ունենալով փողոցներից մեկում հավաքված քաղաքի բնակիչների առջև։