Սա սոսկ բնապահպանների հաղթանակ չէ, եւ եթե սկզբնական շրջանում առիթը եւ նպատակը բնապահպանական էր, հետո պայքարը ընդլայնվեց եւ նոր կարեւորություն ստացավ, դարձավ հանրային շահի պայքար: Այս մասին այսօր` մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը` անդրադառնալով Մաշտոցի պուրակում ակտիվիստների պայքարին եւ կրպակները ապամոնտաժելուն:
«Սա ինքնանպատակ պայքար չէր, սա նաեւ հանրության շահերի պայքար էր, եւ որքան այն երկարում էր, վիճակն ավելի էր իմաստավորվում: Մաշտոցի պուրակը մաքրվեց կրպակներից՝ սկիզբ դնելով երկիրը կեղեքող ուժերի ապամոնտաժմանը: Միաժամանակ, հատկանշական է, որ դա արվեց երիտասարդների ուժերով: Երբ մի խումբ երիտասարդներ ազնիվ ու անկեղծ պայքարում են ինչ-որ բանի համար, դա մի տեսակ վարակիչ է լինում, ինչպես եղավ Բրյուսովի անվան համալսարանում հայտնի դեպքերի ժամանակ»,- նշեց նա:
Նրա կարծիքով` երիտասարդները ճիշտ ուղու վրա են, 80 օր շարունակ կանգնելով դիրքերում, նրանք հակառակորդին պարտադրել են նահանջել: «Ես խորհուրդ կտայի, որ նրանք չկարեւորեն՝ Սերժ Սարգսյանը եկավ, թե չեկավ պուրակ, կարեւորը մի փաստ է` ինչ խնդիր դրվել էր, իրականացավ»,-, նշեց Ժիրայր Սեֆիլյանը:
18 տարվա մեջ, նրա կարծիքով, առաջին դեպքն է, երբ հասարակությունը հաղթանակ է տանում իշխող վարչակարգի նկատմամբ, եւ դա արվում է երիտասարդ սերնդի շնորհիվ, ում պայքարի, մարտավարության ձեւերը ճիշտ են ընտրված: Ժիրայր Սեֆիլյանը շնորհավորեց երիտասարդներին` Մաշտոցի պուրակում հասած հաղթանակի կապակցությամբ եւ շեշտեց, որ դա շարունակություն է ունենալու:
Նշենք, որ երկու ամսից ավելի մի խումբ ակտիվիստներ պայքարել են Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ, նրանք ամենօրյա հսկողության տակ են վերցրել այգին եւ չեն հեռացել այնտեղից, քանի դեռ կրպակները չեն ապամոնտաժվել: Ստեղծվել են նաեւ ապամոնտաժող բրիգադներ, որոնք բազմիցս փորձել է ապամոնտաժել կրպակները:
Ապրիլի 29-ին ոստիկանները ակտիվիստներից 7-ին բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակել: Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մայիսի 1-ին այցելել է Մաշտոցի պուրակ: Նա շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները:
Այնուհետեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել կրպակները: Իսկ մայիսի 2-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում էր կայացրել կրպակների ապամոնտաժման հետ կապված եւ դրանք ապամոնտաժվել էին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























