Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը հունիսի 7-ին քվեարկել է խորհրդարանական ընտրություններում՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/50 ընտրատեղամասում։
Նա ընտրատեղամաս էր եկել որդու հետ։
«Բոլոր խախտումներն արձանագրել ենք։ Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն, որոշում ենք մեր ապագան։ Եթե քաղաքացիները դրական փոփոխություններ են ցանկանում, պետք է մասնակցեն ընտրություններին։
Կարևոր է, որ քաղաքացիները քվեարկելիս հաշվի առնեն՝ ով կարող է կառավարել երկիրը, ով ունի դրա մասին պատկերացում, ով է բարդ պահերին ապացուցել, որ քաղաքացիների կողքին է՝ նույնիսկ ի վնաս անձնական շահերի։
Խախտումների վերաբերյալ ահազանգեր ենք ստանում, հետևում ենք դրանց, այս հարցում համագործակցելու ենք գործընկերների ու լրագրողների հետ։ Չափազանց կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը քվեարկությանը։ Պատրաստ ենք հետընտրական ցանկացած գործընթացի՝ օրենքի և Սահմանադրության շրջանակում։
Մեզ պետք են իշխանություններ, որոնք սեփական մեղքն ու պատասխանատվությունը չեն բարդի ուրիշների վրա և չեն վիրավորի ժողովրդին։ Սա չպետք է լինի ընտրություն հանուն այլ երկրների շահերի, ընտրությունը պետք է կատարել հիմա», - քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։
Նշենք, որ Ազգային ժողով կընտրվի առնվազն 105 պատգամավոր, եթե օրենսդրության առանձնահատկությունների պատճառով չգործեն այս կամ այն ուժերին հավելյալ մանդատներ տրամադրելու նորմերը։ Հայաստանի խորհրդարանն ընտրվում է համամասնական համակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։ 9-րդ գումարման խորհրդարանի մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար 4% է, իսկ դաշինքների համար՝ 8%։











