Հայաստանի նախկին զինվորական դատախազը, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հերքում է երկրի ներկայիս իշխանությունների հետ համագործակցությունը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ընտրատեղամասում ունեցած զրույցում Ջհանգիրյանը հայտարարել է, որ հաղթողին կորոշի ժողովուրդը։ Նա նշել է, որ քարոզարշավին «ինչ-որ չափով հետևել է», իսկ ինքն էլ քվեարկում է անկախ, ազատ, ժողովրդավարական և ուժեղ Հայաստանի օգտին։ Հստակեցնող հարցին, թե արդյոք երկիրը հիմա այդպիսին չէ, Ջհանգիրյանն ասել է, որ իրեն թվում է՝ գնում ենք այդ ճանապարհով։

«Ես աջակցում եմ ժողովրդին»,- հայտարարել է Ջհանգիրյանը՝ պատասխանելով հարցին, թե աջակցո՞ւմ է արդյոք իշխանություններին։ «Մի՞թե ես իշխանության մեջ եմ»,- սաստել է նախկին պաշտոնյան։

«Ոչ, բայց եղել եք»,- հիշեցրել են նրան։ «Դատական իշխանությունը անկախ էր, և ես, այսպես ասած, դրա գործունեությունը համակարգող մարմնում էի։ Որևէ կուսակցությունում եղե՞լ եմ։ Գործադիր իշխանությունում եղե՞լ եմ։ Չեմ եղել»,- հիշեցրել է Ջհանգիրյանը։

Նա հրաժարվել է դատել դատական իշխանության անկախության մասին՝ դա թողնելով լրատվամիջոցների գնահատականին։ Խախտումների մասին հարցին ընդունել է, որ դժգոհության պատճառներ կան, սակայն կրկին հրաժարվել է գնահատական տալ՝ հղում անելով այն հանգամանքին, որ արդեն երեք տարի համակարգում չէ և տեղեկություններ չունի։

«Հրապարակումնե՞ր։ Իմ մասին էլ եք գրում, բայց կինս գիտի, որ դա սուտ է։ Երբ համակարգում էի, անում էի ամեն ինչ, որպեսզի այն լինի անկախ և գործի առանց խոչընդոտների»,- հայտնել է Ջհանգիրյանը։

Իր նախորդ Վարդազարյանի նկատմամբ ճնշումների մասին հարցը, ակնհայտորեն, նախկին ԲԴԽ նախագահին դուրս է բերել հանդուրժողական վիճակից։ «Ի՞նչ եք ասում։ Գնացեք Վարդազարյանի մոտ, հարցրեք՝ ինչու է մեկուկես ժամ տևած զրույցից հրապարակել ընդամենը մի քանի րոպե։ Հրավիրել էին ուտելու և ձայնագրել էին»,- վրդովված ասել է Ջհանգիրյանը։

Նա բացառել է համակարգ վերադարձը՝ հիշեցնելով, որ արդեն թոշակի է անցել։