ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հույս ունի, որ քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ն ավելի շատ ձայներ կստանա։ Նա իր տեսակետն է հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում։

Անդրադառնալով իշխանությունների կողմից ենթադրյալ կեղծիքների մասին հարցին՝ նա ծիծաղելի է համարել նման պնդումը՝ վստահեցնելով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ «բոլորը տեսել են», թե ինչպես է ընդդիմությունը կաշառում ընտրողներին։

Այն դիտարկմանը, թե վերահաշվարկի ընթացքում հայտնաբերվել են ընդդիմության օգտին չհաշվարկված ձայներ, Ղազարյանն արձագանքել է. «Աչքս լույս, պարզվեց, որ մեր ձայներն էլ չեն հաշվվել»։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմության դեպքում 20-30 ձայն չի հաշվվել, ապա եղել են ընտրատեղամասեր, որտեղ ՔՊ-ի օգտին 100-150 ձայն հաշվի չի առնվել։ Նման «բացթողումները» պատգամավորը բացատրում է տեխնիկական վրիպակով։

Միևնույն ժամանակ, Ղազարյանը հիշեցրել է, որ նախնական արդյունքները թույլ են տալիս պնդել, որ ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն։ «Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի ձայներն ավելանում են, ինչը հրաշալի է»,- ուրախությամբ հայտնել է Ղազարյանը։

Սահմանադրական հարցերով քվեարկության մասին հարցին պատգամավորը պատասխանել է, որ խնդիրներ չեն լինի, քանի որ շատ բան կարող է փոխվել, իսկ կառավարող կուսակցությունից 8 պատգամավոր իրենց կողմը «փախցնելու» հեռանկարի մասին հայտարարությունները Ղազարյանը վերագրել է երևակայությանը կամ «սնկերին» (ամենայն հավանականությամբ՝ հալյուցինոգեն)։

Պատգամավորը հերքել է նաև լուրերն այն մասին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գործարք է առաջարկվել, ինչպես նաև անհիմն է համարել քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդարի մասին փաստարկները։