Ընդիմությունը երևի մի փոքր ինքնախոստովանանքով է հանդես գալիս, և եթե դիտարկենք այս ընտրություններին ընտրակեղծարարության հիմնական ձևը՝ ընտրակաշառքը, տեսնում ենք, թե որ ուժերն են ընտրակաշառք բաժանել, որ ուժերի ներկայացուցիչների նկատմամբ են հարուցված քրեական գործեր։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերւի մեղադրանքներին, որ իշխանությունը զանգվածաբար կեղծել է ընտրությունները, ճնշումներ է գործադրել ընդդիմադիր ուժերի նկատմամբ։
«Ցավում եմ, որ այս ընդիմադիր ուժերը հերթական անգամ ոչ թե դիմեցին ժողովրդին, ոչ թե հանդես եկան ծրագրով, խոստումներով, զարգացման նոր, էլ ավելի վառ պատկերացումներով, այլ դիմեցին երեք մեթոդի՝ ընտրակեղծիքներ՝ ընտրակաշառքների ձևաչափով, մանիպուլյացիաներ և կեղծ թեզերի շրջանառություն և իրենց սովոր մեթոդների համաձայն, երբ որ արձանագրվում է ոչ իրենց ցանկալի արդյունքը, ժողովրդի կամքը, իրենք չեն կարողանում համակերպվել այդ իրողության հետ։ Բայց ինչպես 2021-ին համակերպվեցին, այդպես էլ 2026-ին կհամակերպվեն և կհասկանան, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ժողովրդի կամքը հնարավոր չէ խեղել»,–ասաց նա։ Ավանեսյանը հերքեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը. «Բացառիկ մի քանի անձի հետ կապված անհատական մի քանի դեպքեր կան, որոնք կուսումնասիրվեն, պատիժ կկրեն, եթե բացահայտվի, որ խախտում է եղել։
Վարչական ռեսուրսի մասին խոսքերն ավելորդ են, իշխանությունը հակառակը՝ արել է ամեն ինչ, որ այս ընտրությունները լինեն հավասար, թափանցիկ, ազատ և արդար, ինչպիսին էին, և հանրությունը այդ կոնսենսուսը ունի։
Մենք հունիսի 8-ի առավոտյան զարթնել ենք բոլորս այն գիտակցումով, որ Հայաստանում հաջողվել է իրականացնել ժողովրդավարական ընտրություններ։ Ցավոք սրտի, ընտրակաշառքները դեռ մեր իրականության մաս են, և հաջորդիվ կառավարության և իշխանության պայքարը լինելու է ընտրակաշառքները արմատախիլ անելու մասով։ Դա լինելու է վճռական»։
Խոսելով ընտրակաշառքների մասին տարածված բազմաթիվ ձայնագրություններին, Ավանեսյանն ասաց. «Նախ շատ հետաքրքիր է, որ նրանք որևէ դեպքով չհերքեցին ձայնագրությունները, և որևէ դեպքով որևէ մեկը չի ասել, որ այդ ձայնագրությունները կեղծ են։ Սա ինքնին արձանագրված փաստ է։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունում պատկան մարմինները իրավաչափության շրջանակներում իրականացնում են գործողություններ, նաև իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, ինչը ցույց է տալիս, որ որևէ կաշկանդվածություն չունեն։
Բայց իշխանության մասով ընտակաշառքների մասով չկան փաստեր, որովհետև մենք դիմելով մեր ժողովրդին, նախորդ հինգ տարիներին իրականացնելով նրանց կողմից տված մանդատով մեզ պատվիրակությունները, արել ենք փոփոխություններ, հաստատել ենք խաղաղություն, և մեր սիրելի ժողովուրդը իր վստահության քվեն ևս մեկ անգամ տվեց մեզ»։
Անդրադառնալով նրան, որ իշխանությունները շնորհավորանքներ է ստանում բազմաթիվ երկրներից, սակայն ռուսական կողմից շնորհավորանք չկա, ավելին՝ ասում են, որ եղել են զանգվածային կեղծիքներ, առողջապահության նախարարն ասաց. «Ամենակարևորը,՝ ժողովուրդը ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, և Հայաստանի ընտրությունների ամենակարևոր շահառուն Հայաստանի ժողովուրդն է։ Ես վստահ եմ, որ շնորհավորանքները դեռ շարունակվելու են, և մենք նաև կլսենք մեր սիրելի, հարգելի գործընկերների կողմից շնորհավորանքներ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է հստակ որոշում կայացնի ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև, նաև նշել է, որ քանի որ Հայաստանը ՀԱՊԿ–ի մասով տևական ժամանակ չի վճարել անդամավճարները, պետք է կիրառվի համապատասխան հոդվածը և Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, Ավանեսյանն ասաց. «Վարչապետը հստակ պատասխանել է և հունիսի 7–ի գիշերը ևս մեկ անգամ ընդգծեց պատասխանը, որը կրկնելու կարիքը չեմ զգում։ Վարչապետը և արտաքին գործերի նախարարը այս մասով հստակ ներկայացրել են Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և երբ որ կլինի քննարկման առարկան, Հայաստանը այդ հարցը կքննարկի։ Ոչ մի բան չի հապաղում»։











