Առավոտյան ժամը 10:00-ին թիվ 10/27 ընտրատեղամասում`Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, քվեարկեց ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար  Արթուր Բաղդասարյանը, որն  ընտրատեղամաս էր եկել տիկնոջ հետ:

Հարցին,թե ինչ տրամադրությամբ է եկել քվեարկության,  Արթուր Բաղդասարյանն ասաց, որ տրամադրությունը շատ բարձր  է, առավոտյան ընտանյոք հանդերձ գնացել են եկեղեցի, վառել  հաջողության եւ հաղթանակի մոմը. «Երկրին մաղթել ենք լավ ընտրություններ, որի արդյունքում Հայաստանում կուտակված խնդիրները արդար եւ իրավական լուծում կստանան»,- նշեց Ազգային անվտանգության քարտուղարը:

Բաղդասարյանը նաեւ նշեց, որ քվեարկել է հանուն օրենքի երկրի կառուցման, Հայաստանում բարեփոխումների խորացման եւ, ընդհանրապես, հանուն Հայաստանի առաջընթացի ու զարգացման: Նրա խոսքով, այս պահին որեւէ ընտրատեղամասում  ընտրախախտումների մասին տեղեկատվություն չի ստացվել. «Գնում եմ կուսակցություն, ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է, երկու ժամ է անցել, բայց ընտրողները բավական ակտիվ են մասնակցում քվեարկությանը:

Հարցին, թե ինչ կմաղթի մրցակիցներին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Բոլորին անխտիր մաղթում եմ հաղթանակ»: