Շարունակվում է «18 արդարների» գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Հիշեցնենք, որ ամբաստանյալների թվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանն ու մյուս ամբաստանյալները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ընդ որում, մեղադրող կողմը հիմնվում է հեռախոսազրույցների ձայնագրությունների և ինչ-որ գրավոր «ապացույցների» վրա, որոնք ոչ մի փորձաքննություն չեն անցել։

Նիստի մեկնարկին փաստաբանների մեծ մասը դատարանի դահլիճում ներկա չի եղել՝ դատարանին անհայտ պատճառներով։ Այդ կապակցությամբ դատավորը 15 րոպեով ընդմիջում է հայտարարել։

Ընդմիջումից հետո դատարանը շարունակել է գրավոր ապացույցների հետազոտումը։

Մեղադրող կողմը ներկայացրել է Հայկ Շահնազարյանի տանից առգրավված որսորդական զենքի և դրա փամփուշտների փորձաքննության արդյունքները։ Փորձաքննությունը, ինչպես և սպասվում էր, ապացուցել է, որ դա զենք է և դրանք փամփուշտներ են. որևէ կասկած չէր հարուցում նաև այն փաստը, որ դրանք պատկանում են Շահնազարյանին։ Բայց ի՞նչ կապ ունի այդ ամենը քրեական գործի հետ. հենց այս հարցն էին փաստաբանները փորձում ուղղել դատավորին ու դատախազին, քանի որ մեղադրանքի հաղորդագրության մեջ չկա նույնիսկ ամենաչնչին ապացույցն այն մասին, որ զենքն առնչություն ունի գործին։ Փաստաբանները հիշեցրել են, որ ակցիաները եղել են խաղաղ, և ակցիաներին մասնակցությունը ոչ ոք չի հերքում։ Ի պատասխան՝ դատախազը հայտարարել է, թե զենքի մասով ամեն ինչ նկարագրված է Շահնազարյանին վերաբերող մեղադրական եզրակացության մեջ։ Հիշեցնենք, որ այն փաստաթուղթը, որին հղում է արել դատախազը, տարակուսանք է առաջացնում ինչպես պաշտպանական կողմի, այնպես էլ ամբաստանյալների մոտ։ Մեղադրող կողմը նույնիսկ նեղություն չի կրել յուրաքանչյուր մեղադրյալի գործողությունները նկարագրելու համար. փաստացիորեն, բոլորի համար վերցվել է մեկ ընդհանուր ձևանմուշ, և պարզապես փոխվել են անունները, ուստի մեղադրական եզրակացությանն ուղղված հղումը բավականին տարօրինակ է հնչում։ Նույն միտքն արտահայտել է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. «Բացարձակապես մշուշոտ մեղադրանք է և նույնպիսի փորձաքննություն։ Ցո՛ւյց տվեք, թե ինչպես է այս զենքը կապված գործընթացի հետ, ե՞րբ էր պլանավորվում այն օգտագործել և ո՞ւմ կողմից»,— պահանջել է Սրբազանը։

Լսելով փաստաբանների տևական դժգոհությունները՝ դատավորը պարզաբանել է, որ մեղադրող կողմը դատավարության եզրափակիչ փուլում (երբ պաշտպանական կողմը կզրկվի հակափաստարկներ բերելու հնարավորությունից) պետք է ապացուցի, թե ում է մեղսագրվում և ում է վերաբերում զենքի մասով դրվագը։ Բագրատ Սրբազանը հերթական անգամ ստիպված է եղել բարձրաձայնել այն մասին, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ դա զենք է, սակայն բացարձակապես անհասկանալի է, թե ինչ առնչություն ունի այն գործի հետ։ Այս հարցին մեղադրող կողմը պատասխան չի տալիս։ Նա ընդգծել է, որ փորձաքննությունը պետք է ոչ թե պարզապես հավաստեր, որ դա զենք է, այլ այն, թե ինչպես է այն օգտագործվել կամ ինչպես պետք է օգտագործվեր։ Ինքնին բոլոր կանոններով գրանցված զենքի առկայությունը ամենևին էլ հանցագործություն կամ դրա նախապատրաստում չէ։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին, ժամը 14:30-ին։