Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի 10/21 ընտրատեղամասում տոնական տրամադրությամբ է կատարել իր ընտրությունը: NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ նա ընտրության էր եկել կնոջ, երեխաների եւ թոռան հետ: Ընտրելուց հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Մեր առաջին ակնկալիքն այն է, որպեսզի Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կատարեն իրենց պարտքը: Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության դաշտում, թույլ չտրվեն խախտումներ»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Համոզված եմ, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկ ընտրությունները, եւ մեր ընտրողները գոհ են լինելու ընտրական ողջ գործընթացից»:
Վարչապետն ակնկալել է , որ յուրաքանչյուր քաղաքացի կկատարի իր քաղաքացիական պարտքը, իսկ իրենք ստեղծել են բոլոր պայմանները, որ օրինական ընտրություններ լինեն: Լրագրողների խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ քննադատել է նրան, ապա հավելել. «Ես համաձայն եմ Հայաստանի 1-ին եւ 2-րդ նախագահների հետ, որ մեզ անհրաժեշտ են փոփոխություններ»:
Նշենք, որ ժամը 12:00-ի դրությամբ, երբ 10/21 ընտրատեղամասում քվեարկում էր վարչապետը, 1925 ընտրողներից քվեարկել էր շուրջ 200-ը:




























