Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկել է Պարոնյան փողոցում գտնվող թիվ 9/11 տեղամասում: Նա քվեարկության էր եկել կնոջ, հարսի եւ թոռների հետ (ֆոտոռեպորտաժ):

Քվեարկությունից հետո առաջին նախագահն ինքը կանխել է լրագրողների հարցը եւ ասել, որ քվեարկում է ավելի լավ Հայաստանի համար: «Եթե ընտրություններն անցնեն նորմալ մթնոլորտում, ես կհամաձայնվեմ ցանկացած արդյունքի հետ»,- նշել է առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, որ այս պահի դրությամբ որեւէ ընտրախախտման մասին տեղեկություն չունի:

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է իրեն զգում ՀԱԿ առաջնորդը, ով քարոզչության ընթացքում մի քանի հանդիպում բաց էր թողել առողջական վիճակի պատճառով: Տեր-Պետրոսյանը նշել է, որ իր առողջական վիճակը հրաշալի է:

Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակը, որում 122 թեկնածու է ընդգրկված: ՀԱԿ առաջին եռյակում ընդգրկված են Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են այսօր` մայիսի 6-ի առավոտյան: Ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում են 8 կուսակցություն եւ մեկ ընտրական դաշինք` ՀԱԿ-ը:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի