Հայաստանի հանրապետական կուսակցությունն, ի տարբերություն որոշ տաքգլուխների, ամեն ինչ անելու է, որ մեր երկրում լինել նորմալ քաղաքական ընտրություններ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` գնահատելով ընտրությունների ընթացքը:

«Ընտրությունների ընթացքը եւ պատկան մարմինների գործունեությունը գնահատում եմ դրական, օպերատիվ եւ պոզիտիվ: Յուրաքանչյուր խնդիր հստակ եւ կոնկրետ արձագանք է գտնում: Մենք տեսանք, որ ընտրախախտումների մասին բազմաթիվ հրապարակումները կեղծ են, ոստիկանությունն ու ԿԸՀ-ն նշեցին, որ դեպքերի մեծամասնությունն իրականության հետ կապ չունեն»,- նշեց Մելիքյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերն ու «Բարգավաճ Հայաստանը» բազմաթիվ ընտրախախտումներ են ներկայացնում, Մելիքյանն ասաց. «Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ամպագոռգոռ, որոշ դեպքերում եւ հիստերիկ հայտարարություններին, նախեւառաջ կոչ կանեմ մտածել իրենց իսկ մասին հրապարակված ընտարխախտումների վերաբերյալ, եւ հետեւեն, որ իրենց կողմից խախտումներ չլինեն: Անհրաժեշտ է, որ իրենց զգացմունքներին ազատություն չտան եւ պահպանեն սառնասրտություն եւ հանգիստ ընտրություն կատարեն: ՀՀԿ-ն, ի տարբերություն որոշ տաքգլուխների, ամեն ինչ անելու է, որ մեր երկրում լինեն նորմալ քաղաքական ընտրություններ»:

Ըստ Մելիքյանի, «որեւէ մեկը ՀՀԿ-ից ավելի շահագրգռված չէ, որ ընտրություններն անցնեն ազատ եւ թափանցիկ»: