Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀԱԿ-ի կենտրոնական շտաբ:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, թեեւ իրենք բազմաթիվ ընտրախախտումների փաստեր են արձանագրել, այդուհանդերձ ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում դեռեւս խաղաղ եւ մարտական մթնոլորտ է: «Տրամադրված ենք մարտական: Այս պահին օնլայն ռեժիմով տեղեկություններ ենք ստանում Հայաստանի տարբեր շրջանների ընտրական շտաբներից` ինչպես մեծամասնականով առաջադրված թեկնածուների շտաբերից, այպես էլ ՀԱԿ-ի տեղական կառույցներից: Կարող եմ ասել, որ ընտրակեղծիքների գրեթե ողջ սպեկտրը օգտագործվում է: Եղել են բռնություններ մեր վստահված անձնանց նկատմամբ: Ընտրակաշառքն, ըստ երեւույթին, համատարած բնույթ է կրում: Այդ մասին վկայում են բոլոր ընտրատարածքներից ստացվող զանգերը: Բարդ է տեղում ընտրակաշառք ֆիքսելը, որովհետեւ դա բարդ բռնվող հանցագործություններից է: Գալիս են մարդիկ, ովքեր հայտարարում են թե տեսողության խնդիրներ ունեն եւ այստեղ ուղղորդված քվեարկություն է տեղի ունենում: Եղել են սպառնալիքներ մասնավորապես Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Կաթվածահար է եղած հանրային տրասնպորտը: 3/33 ընտրատեղամասում քվեախցիկի կողքը դուռ կա, քվեարկում մտնում փողը ստանում, դուրս են գալիս: Այս տեղամասում անոմալ բարձր մասնակցություն կա: Ժամը 13:00-ի տվյալով քվեարկել է արդեն 870 քաղաքացի, ինչը անոմալիա է, չի կարող այդպես լինել: Հայտնի է արդեն թանաքի պատմությունը: Այդքան բողոքներից հետո էլ դեռեւս շարունակվում է հին թանաքների օգտագործումը: Թանաքի այս պատմությունը բացում է բոլոր դռները կրկնակի, եռակի քվեարկության համար»,-հայտարարեց Մուսինյանը, ընտրողներին կոչ անելով մաքսիմալ ազնիվ մասնակցել ընտրություններին, որպեսզի հնարավորինս նվազեցվի կեղծիքներ անելու հնարավորությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի տրամադրությունն, ըստ Ա. Մուսինյանի, այժմ նորմալ է եւ նա հիմա ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում է, չի շրջել մյուս շտաբներով: «Եկել է գրասենյակ եւ այդտեղից  ծանոթանում է իրավիճակին եւ հետեւում ընտրությունների ընթացքին»,-ասաց նա, հավելելով, որ հնարավոր է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրությունների մասին այսօր օրվա ընթացքում հանդես գա մամուլի ասուլիսով:

Նշենք, որ ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը տեղեկանցնում է, որը ժամը 16:30-ին ՀՀ Քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում տեղի կունենա շտաբի աշխատակազմի հանդիպումը ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: