Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբում հետեւում են ընտրությունների անցկացման ընթացքին, իսկ ահազանգեր ստանալիս դիմում են պատկան մարմիններին, որպեսզի ստուգեն դրանց իսկությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա փոխանցմամբ՝ թե պատկան մարմինները՝ ԿԸՀ, Ոստիկանություն, Դատախազություն,  թե կուսակցությունների շտաբները, թե լրատվամիջոցները ակտիվ աշխատում են:

«Ընտրությունները այս պահի դրությամբ ընթանում են նորմալ, ժողովրդական չափանիշներին համապատասխանող պայմաններում դրական բարոյոհագեբանական մթնոլորտում»,- նշեց նա: Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ կան որոշակի ընտրախախտումների մասին տեղեկություններ, որոնց պատկան մարմինները հստակ, արագ, օպերատիվ արձագանքում են:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, իսկ բոլոր նրանք, ովքեր ուզում են մութ անկյունում սեւ կատու փնտրել, նա կոչ արեց հանգիստ եւ սառնասիրտ լինել, պղտոր ջրում փորձ չկատարել ձուկ որսալու, որովհետեւ դա վատ է անդրադառնում ձուկ բռնողի վրա:

«Կա որոշակի բացասական էմոցիաների ավելցուկ, որոշ դեպքերում՝ նաեւ հիստերիկ էնոցիաների ավելցուկ, բոլորին կոչ եմ արել այդ հիստերիկ, խառնաշփոթ էմոցիանները դնել մի կողմ եւ հանգիստ  իրականացնել ընտրությունները»,- նշեց նա:

Իսկ ՀՀԿ նախընտրական շտաբից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց մոտ գործում է շտաբների քառաստիճան համակարգ՝   տեղական շտաբները աշխատում են շրջանային շտաբների հետ, շրջանայինները՝ մարզայինի հետ, իսկ մարզայինը՝ կետրոնականի:

Ի դեպ, այս պահի դրությամբ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական շտաբում չէր, նա հավանաբար երեկոյան կայցելի: