Նիկոլ Փաշինյանը կատարել է Հայաստանի պատմության մեջ ընտրությունների արդյունքների ամենակոպիտ կեղծումը։ Այս մասին ուղիղ եթերում հայրենակիցներին ուղղված իր խոսքում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։

«Այս ամբողջ պատմության մեջ ամենաարդարն այն է, որ պատմականորեն, ինչի դեմ լրագրող Փաշինյանը խոսել է՝ նույն բանն արել է վարչապետ եղած ժամանակ: Պատմականորեն միշտ՝ խոսելով ընտրակեղծիքներից, քննադատելով ընտրակեղծիքները, այսօր նա հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը։ 50 հազարից ավելի ձայն ունեցող ուժի, ուղղակի, մի քանի ընտրատեղամասից ձայներ չեղարկելով, դուրս թողեց ԱԺ-ից՝ դրանով իսկ խլելով մեր ժողովրդից՝ Ալիևի սահմանադրությանը «չէ» ասելու իրավունքը։ Գիտեք՝ ինչու է նա խոսում ընտրակաշառք տերմինի մասին, որովհետև ուզում է այդ օրակարգով շեղել ձեզ, ժողովուրդ: Այդ մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել, նա ուղղակի դուրս է հանել ուժերից մեկին՝ ընդդիմությանը զրկելով 3/5-րդից: Եվ դու չհամարձակվե՛ս այլևս ժողովրդավարությունից խոսել, ո՛չ ժողովրդավար, ո՛չ հավասարակշիռ, ո՛չ էֆեկտիվ, ո՛չ թավշյա ղեկավար», — հայտարարել է Նարեկ Կարապետյանը։