Ընտրատարածքներում անձնագրերի մեջ կնիքի դրման հարցը լուծվել է, անհետացող թանաքանյութի հետ սովորական թանաքանյութ են խառնել, որպեսզի խնդիրը վերանա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` մեկնաբանելով հանգամանքը, որ բազմաթիվ ընտրատեղամասերում կնիքը անհետանում էր` դնելուց րոպեներ անց:
ԿԸՀ նախագահի խոսքով, թանաքանյութ խառնելու դեպքում կնիքը կանհետանա քիչ ավելի ուշ, նախ նախատեսվում է: Հարցին, թե հնարավոր է սովորական թանաքանյութ խառնելու դեպքում կնիքը միշտ մնա եւ ապագայում խնդիրներ ծագեն ընտրությունների ժամանակ, Տիգրան Մուկուչյանը վստահաբար ասել է, թե նույնիսկ եթե տեսականորեն այդ կնիքը մնա անձնագրերում, ապա չի կարող ազդել հետագա ընտրությունների վրա:
ԿԸՀ-ն նաեւ օպերատիվ արձագանքում է խախտումների մասին տեղեկություններին: «Մենք էլ ենք հետեւում համացանցին, փորձում ենք արձագանքել այդ խախտումներին, ճշտել, թե որքանով են համապատասխանում: Լինում են դեպքեր, երբ իսկապես համապատասխանում են, հաճախ էլ չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց Մուկուչյանը:
Դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրությունները բավական ակտիվ են ընթանում, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Դա կապված է միաժամանակ երկու ընտրությունների անցկացմամբ: Որովհետեւ յուրաքանչյուր ընտրատարածքում կան նաեւ մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուներ: Եւ նման պարագայում քաղաքացիները միշտ ավելի ակտիվ մասնակցություն են ցուցաբերում»:
ԿԸՀ նախագահը նաեւ ակնկալում է, որ ընտրությունները նորմալ կավարտվեն, որից հետո «կլինի արդյունքների ամփոփումը բավական թափանցիկ, հրապարակային եղանակով»:




























