2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում սերտիֆիկատ է ստացել 6444 ընտանիք։ Այս մասին հունիսի 16-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հավաստագիր ստացած ընտանիքների կազմում ընդգրկված է 26432 անձ։ «Այդ ընտանիքներից ավելի քան 2970-ը՝ շուրջ 13 400 անձ, արդեն իսկ ձեռք է բերել տուն կամ բնակարան»,- պարզաբանել է փոխվարչապետը։

Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ 2025 թվականին, ինչպես և նախորդ տարիներին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական ինտեգրման պայմանների բարելավումը շարունակել է մնալ Կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը թույլ են տվել ոչ միայն արդյունավետորեն հաղթահարել ճգնաժամը, այլև նախադրյալներ ստեղծել հրատապ օգնությունից սոցիալ-տնտեսական ինտեգրմանն անցնելու համար։

Խաչատրյանը նաև նշել է, որ 2025 թվականին փոփոխություններ են կատարվել բնակարանային ծրագրում։ «Եթե սկզբնական փուլում բնակարանի ձեռքբերման հավաստագրերի տրամադրումը նախատեսվում էր որոշակի հերթականությամբ, ապա 2025 թվականի հուլիսի 1-ից դրանք ստանալու հնարավորությունը բացվեց ծրագրի պայմաններին համապատասխանող բոլոր ընտանիքների համար՝ անկախ ընտանիքի կազմից»,- հայտնել է պաշտոնյան։

Փոխվարչապետը հավելել է նաև, որ իշխանություններն ընդլայնել են այն բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան կամ տուն գնելու համար մեկ անձին տրամադրվող սուբսիդիայի չափը 3 միլիոնից դարձել է 4 միլիոն դրամ. եթե մինչ այդ 4 միլիոն դրամանոց աջակցությունը նախատեսված էր 452 բնակավայրի համար, ապա փոփոխություններից հետո այդ թիվը հասել է 611-ի։

Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ ծրագրի կատարելագործումը շարունակվել է նաև 2026 թվականի մարտին։ Երևանին սահմանակից բնակավայրերում մեկ անձին տրամադրվող հավաստագրի չափը նախկին 3 միլիոնի փոխարեն սահմանվել է 4 միլիոն դրամ։ «Բարելավումը վերաբերել է նաև նախկինում արդեն իսկ իրացված հավաստագրերի շահառուներին։ Դա թույլ է տվել ավելացված ֆինանսական միջոցներն ուղղել աջակցության ծրագրերով պլանավորված ծախսային այլ նախագծերին»,- նշեց փոխվարչապետը։

Նա հավելել է, որ պետական աջակցության շրջանակում տեղահանված անձանց կողմից ձեռք բերված բնակարանների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ։ Ընդ որում, եթե հաշվի առնվեն նաև ֆինանսավորող առևտրային բանկերի վարկերի մարումներն ու դրանց սպասարկման տոկոսային ծախսերը, որոնք առաջիկա տարիներին ծածկվելու են բյուջետային միջոցների հաշվին, ապա ծրագրի շրջանակում Կառավարության ստանձնած պարտավորությունների գումարը կկազմի 85 միլիարդ դրամ։