ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վլադիմիր Մարուշչենկոն, ով եղել է մի քանի ընտրատեղամասերում, նշել է, որ ընտրական գործընթացն իր դիտարկմամբ, համապատասխանել է օրենսդրությանը: Նրա խոսքով, միակ անհանգստացնող խնդիրը եղել են ընտրատեղամասերում գոյացող հերթերը: Այս մասին Ուկրաինայի խորհրդարանը ներկայացնող դիտորդը նշել է ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե այդ ինչպես է ստացվում, որ հայաստանյան ընտրությունների վերաբերյալ ԱՊՀ դիտորդների գնահատականները գրեթե միշտ տարբերվում են եվրոպական դիտորդական առաքելությունների գնահատականներից, Մարուշչենկոն պատասխանել է, որ դրա պատճառը դիտորդական առաքելությունների գնահատման տարբեր մեթոդիկաներն են։ Նա միաժամանակ ասաց, որ այս ընտրությունների դեպքում, որքան իրեն հայտնի է, ԱՊՀ ԽՎ դիտորդների գնահատականները նախընտրական գործընթացի վերաբերյալ գրեթե չի տարբերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների գնահատականներից: