Տևական ժամանակ է, որ իշխանությունը փորձում է ընդդիմությանը վերագրել գործողություններ կամ մեղսագրել այնպիսի արարքների մեջ, որը բնորոշ է իշխանությանը. Եվ դա անում են առանց առանց ամոթի զգացողություն ունենալու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 19–ին, Դ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Իշխանությունը ինքը ոչ միայն գործադրել է ողջ վարչական ռեսուրսը, հանրության պատկանող ֆինանսական միջոցները ոչ միայն ընտրակաշառքի տեսքով տվել է ընտրողներին, նաև գործադրել է իր ամբողջ, այսպես կոչված, «լիազորությունները» բռնության ենթարկելու քաղաքացիներին։ Մի մոռացեք, որ այս քարոզարշավի ընթացքում նաև մարդ է մահացել քրեակատարողական հիմնարկում, մի մոռացեք, որ այս իշխանությունը Հայաստանում երբևէ եղած ամենա խայտառակ ընտրությունները անցկացրած իշխանությունն է։ Հիմա իրենք, բնական է, բարձրաձայնում են, թե իբր ընդդիմադիրները ընտրակաշառքով են ընտրվել։ Ավելին Նիկոլ Փաշինյանը հիմա էլ հրահրում է քաղաքացիական բախումներ, քաղաքացիական բախումների անոնս է անում։ Այս մարդը այսօր իրեն հռչակել է Հայաստանի գերագույն իշխանություն։ Ու ակնհայտ է, որ այս պայմաններում մեր փրկությունը, իբրև ժողովուրդ, իբրև ազգ, իբրև պետություն, այս իշխանություններից ձերբազատվելու մեջ է»,–ասաց նա։
Անդրադառնալով ՍԴ–ից ակնկալիքներին, Մինասյանն ասաց. «Այնպես չէ, որ երազների մեջ ենք գտնվում, ակնհայտ է, որ ևս մեկ անգամ կարող է փաստվել, որ այս Սահմանադրական դատարանը ի վիճակի չէ իրականացնելու արդարադատություն, իսկ եթե այնքան կամք ունենա, որ բացահայտ ճշմարտությունները արձանագրելով հանդերձ անվավեր ճանաչի ընտրությունները և իրականացնի մեկ այլ կարևոր առաքելություն՝ տա հնարավորություն արգելելու այս հակաժողովրդավարական, հակաիրավական, քաղաքական միավորին և նրա ղեկավարին հետագայում երկիրը կառավարելու հնարավորությունից, նշանակում է ժողովուրդը կկարողանա համախմբվելով կազմակերպել և կատարել նորմալ ընտրություն։
Եթե ՍԴ-ն ունենա կամք շարժվի սահմանադրությամբ, հաղթում է ժողովուրդը, հաղթում է պետությունը։ Եթե ՍԴ-ն չունենա այդ կամքը, հերթական անգամ վավերացնի հակապետական այս իշխանությունների գործողությունները, մենք ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ ամբողջությամբ և լիակատար կերպով Հայաստանի ուզուրպացիան տեղի է ունեցել։
Սահմանադրական դատարանի որոշմանը պետք է հետևի նաև կոնկրետ գործողություններ իրավապահ մարմինների կողմից՝ ձերբակալելու և կալանավորելու, քրեական պատասխանատվության կանչելու Նիկոլ Փաշինյանին և իր գլխավորած բոլոր այն ենթադրյալ հանցագործություններ կատարողներին, որոնց վերաբերյալ բազմաթիվ, փաստեր հրապարակավ կան»։











