Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ զրկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Սպիտակ Արծվի շքանշանից այն բանից հետո, երբ Ուկրաինայի առաջնորդը հավանություն է տվել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին «Ուկրաինայի ապստամբական բանակի (ՈՒՊԱ) հերոսներ» պատվավոր անվանումը շնորհելուն, հայտնել է TVN24-ը։

Ելույթ ունենալով Սիլեզիայի ապստամբությունների ազգային օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումների ժամանակ՝ Նավրոցկին ընդգծել է, որ լեհերը լավ են հասկանում, թե ինչ է պատերազմը, անկախության համար պայքարը և ռուսական սպառնալիքը, սակայն կան հարցեր, որոնցում Լեհաստանի համար կա «ցավի շեմ»։

«Մենք գիտենք, թե ինչ է պատերազմը, գիտենք, թե ինչ է անկախության համար պայքարը, գիտենք, թե ինչ է հետխորհրդային, իսկ այսօր՝ ռուսական սպառնալիքը։ Բայց մենք հպարտ լեհ ժողովուրդն ենք և ունենք մեր ցավի շեմն այն հարցերում, որոնք վերաբերում են մեզ և մեր դաշնակիցներին։ Եվ այդ ցավի շեմը հատվել է, այդ պատճառով ես նախագահ Զելենսկուն զրկել եմ Սպիտակ Արծվի շքանշանից», — հայտարարել է Նավրոցկին։

Զելենսկուց Լեհաստանի բարձրագույն պետական պարգևը հետ վերցնելու որոշման մասին նախագահը հայտնել էր նախօրեին։ Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է շքանշանի կապիտուլի հետ խորհրդակցություններից հետո։

Սպիտակ Արծվի շքանշանը Զելենսկուն հանձնվել էր 2023 թվականի ապրիլին այն ժամանակվա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից՝ լեհ-ուկրաինական հարաբերությունների զարգացման, անվտանգության ոլորտում համագործակցության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար։

Վարշավայի որոշումը Կիևում սուր արձագանք է առաջացրել։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան այն անվանել է «ռազմավարական սխալ», որը ձեռնտու է Ռուսաստանին, և հայտարարել է 2022 թվականին իր ստացած լեհական պետական պարգևը վերադարձնելու մասին։ Լեհական պարգևները վերադարձնելու մտադրության մասին հայտարարել են նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը և Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, մեկնաբանելով իրավիճակը, նշել է, որ Լեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ձեռնտու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և կողմերին կոչ է արել նվազեցնել լարվածությունը։