Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նշելով ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, բոլոր ոլորտներում ստեղծված միջպետական փոխգործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը եւ բարձր մակարդակի պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հենց այսպիսի բնույթի հայ-ռուսական փոխգործակցության ձեւավորման գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Վլադիմիր Պուտինի մշտական ջանքերն էլ ավելի են ամրապնդել մեր ժողովուրդների եղբայրությունը, բազմապատկել փոխադարձ աջակցության հունով հարցերի դրական լուծման փորձը:
«Հուսով եմ, որ Ձեր անփոփոխ ուշադրությունը հայ-ռուսական գործընկերության զարգացման նկատմամբ, մեր վստահալից անձնական երկխոսությունը հետագայում եւս կկանխորոշեն ընդհանուր ջանքերը՝ ի նպաստ մեր երկրների դաշնակցային փոխգործակցության, ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարօրության, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ, եղբայրական Ռուսաստանին՝ խաղաղություն եւ բարգավաճում:




























