Հայաստանի հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում 2012թ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Ինչպես եւ մենք խոստացել ենք, իսկապես իրականացվել են արդար, թափանցիկ ընտրություններ, եւ սա ոչ թե մեկ, այլեւ երկու քայլով առաջ էր»,- նշեց նա` հավելելով, որ քարոզարշավի ժամանակ հնչած զազրախոսություններին, դժբախտ պատահարի հետ կապված շահարկումներին իրենք արձագանքել են կոռեկտության սահմաններում, եւ անցկացրել ժողովրդական, քաղաքակիրթ քարոզարշավ եւ ընտրություններ:
Հովհաննես Սահակյանի կարծիքով` մարդկանց աննախադեպ ակտիվությունը ընտրություններին վկայում է, որ մեր ժողովուրդն սկսել է ընտրությունների հետ հույսեր կապել, որոնք կարդարանան: «Այս ընտրությունները մեր ժողովրդի վստահության, արդարության վերականգնման հույսի առաջին փուլն է, դեռեւս մենք ունենք նախագահական ընտրություններ, որը կլինի երկրորդ փուլը: Մենք այս 4-5 տարիներին կունենանք անընդհատ զարգացող եւ կայացող, դեպի առաջ գնացող թե հասարակություն, թե պետություն, եւ թե ժողովուրդ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է մրցակից կուսակցությունների հավաքած ձայներին, ապա, հետեւելով մամուլին, կարելի է տեսնել, որ ինչ-որ խնդիր չկա եւ մրցակիցներն էլ այդպես բաներ չեն ասում, բացի այն, ինչ պետք է ասեին ասելու համար: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ժողովուրդը նրանց ձայն տվել է. եւ դա արտահայտվում էր նաեւ մինչեւ ընտրություններն անցկացվող հարցումներով եւ քարոզարշավի ժամանակ:
«Ժողովուրդը ինքն է որոշել, ինքն է ձայն տվել, այս պատկերը գնահատում եմ ժողովրդի կամքի արտահայտություն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կոալցիա ձեւավորելուն, ապա Հովհաննես Սահակյանը փոխանցեց, որ երբ ձեւավորվի Ազգային ժողովը, եւ երկրի նախագահը խորհրդակցի քաղաքական ուժերի հետ եւ նպատակահարմար գտնի, որպեսզի նոր կոալիցիա ձեւավորվի, ապա կձեւավորվի:
Նշենք, որ նախնական պաշտոնական արդյունքներով ՀՀԿ-ն ստացել է 663066 ձայն, կամ ընտրողների 44,05 տոկոսը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























