Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւող ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական պատվիրակության ղեկավար Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան մայիսի 7-ի մամլո ասուլիսում, ներկայացնելով դիտորդական նախնական արդյունքները, հայտարարել է մի շարք խախտումների մասին:
Հիշեցնելով, որ խախտումների երկու տեսակի գոյությունը, որը խանգարել է թեկնածուների միջեւ ազատ մրցակցությանը, պատվիրակության ղեկավարը նշել է, որ քվեարկության ընթացքում գրանցվել են խախտումներ, սակայն դրանք դժվար թե ազդած լինեն քվեարկության արդյունքների վրա: Նման խախտումները պետք է շտկել, սակայն նրանք էապես չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա:
Միաժամանակ եվրոպական դիտորդը նշել է, որ հայտնաբերվել են ընտրողների վրա ճնշում գործադրելու եւ կաշառելու դեպքեր: Առաքելության ղեկավարի զայրույթն է առաջացրել քաղաքական ուժին կից գործող կազմակերպության կողմից գյուղացիներին մեծ քանակությամբ տրակտորներ տալու փաստը, ուսուցիչների եւ դպրոցների օգտագործումը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
«Իշխանությունները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն նման փաստերին», - նշել է առաքելության ղեկավարը, ընդգծելով, որ իր երկրում նման գործողությունները մանրաքնին ուսումնասիրության առարկա կդառնային:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա գնահատման` ներկայիս ընտրություններն ինչ-որ առումով նախկինից լավ էին, ինչ-որ առումով էլ նույն մակարդակի վրա էին: «Մենք պարզապես ուզում ենք իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն բանին, թե ինչը պետք է փոխել», - նշել է Ֆրանսուա Խավիեր դե Դոնեան:
Նշենք, որ Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել 31 418 դիտորդներ 53 տեղական եւ 647 դիտորդներ 11 տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի




























