Դարալիկում գնացքի և բեռնատարի վթարի հետևանքով փակվել է Լեռնագոգից Դալարիկ գնացող միակ ճանապարհը։ Ճանապարհի այդ հատվածում մեծ թվով մեքենաներ են կուտակվել։
Վարորդներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Երբ մենք եկանք հհասանք այստեղ, արդեն ճանապարհը փակ էր վթարի պատճառով։ Սա գյուղ մտնող միակ ճանապարհն է։ Մենք տեղյակ չենք, թե ինչպես է եղել վթարը,. Մենք եկանք, արդեն ճանապարհը փակ էր, հիմա սպասում ենք, որ ճանապարհը բացվի, անցնենք։ Այստեղ լուսացույց, զանգ էլ կա, երկուսն էլ աշխատում են»,–ասաց նա։
Մեկ այլ վարորդ էլ հավելեց. «Ես ռեստորանում եմ աշխատում, դեպքի մասին իմացել եմ, եկել եմ։ Ես Լեռնագոգի բնակիչ եմ, միշտ այս ճանապարհով եմ գնում–գալիս։ Նման դեպքեր էլի են եղել»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք։ Կա մեկ վիրավոր, որը հոսպիտալացվել է։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նա գլխի շրջանում վնասվածքներով հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոններից մեկը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության. նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Վթարի պատճառով չեղարկվել է Երևան-Գյումրի ժամը 14:25-ի ուղևորատար էլեկտրագնացքը երթը։ Վթարի հետևանքով զգալի վնասներ են հասցվել երկաթուղային ենթակառուցվածքներին, մասնավորապես, վնասվել են լոկոմոտիվը և կոնտակտային ցանցը, իսկ հենասյուներից մեկը կոտրվել է ամբողջությամբ:
Ներկայումս իրականացվում է գծերի վիճակի գնահատում և գնացքի տեղահանման գործընթաց՝ երթևեկությունը հնարավորինս արագ վերականգնելու համար:
Նշենք, որ բախման հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, սակայն, բարեբախտաբար, հրդեհի բռնկումից հաջողվել է խուսափել:











