Ի վերջո, հենց գործարար ու առևտրային շահերն են առաջ մղում քաղաքական հետաքրքրությունը՝ ստեղծելով առևտրի ծավալներ և մարդկանց հոսքեր, որոնք ամրապնդում են երկկողմ հարաբերությունները։ Դրա մասին Կանադա-Եվրասիական առևտրային պալատի (CECTE) առաջին տարեդարձին նվիրված ամփոփիչ միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները։

Դիվանագիտական առաքելության ղեկավարը պալատի տարեդարձը որակել է որպես կարևոր իրադարձություն, որը ցույց է տալիս երկու երկրների գործարար շրջանակների մերձեցման գործում արձանագրված առաջընթացը։ Նա հիշեցրել է, որ Երևանում Կանադայի դեսպանատան բացումից ի վեր անցած երեք տարիների ընթացքում հսկայածավալ աշխատանք է կատարվել առևտրային և մշակութային կապերի ընդլայնման, ինչպես նաև միջկառավարական երկխոսության ակտիվացման ուղղությամբ։ Դեսպանն առանձնացրել է Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի վերջերս կատարած այցը Հայաստան՝ որպես այդ հարաբերությունների խորացման վառ վկայություն։ Միևնույն ժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ առանց առևտրային պալատի ջանքերի անհնար կլիներ ստեղծել ուղիղ կապող օղակ, որը հնարավորություն է տալիս գործարարներին անմիջականորեն շփվել միմյանց հետ։

«Կանադայի դեսպանատան, ուժեղ առևտրային թիմի առկայությունը և զուգահեռաբար այնպիսի խոշոր բիզնես կառույցի ընդլայնումը, ինչպիսին այս պալատն է, մեծ վստահություն են ներշնչում կանադական գործարար համայնքին, երբ այն ուսումնասիրում է հայաստանյան շուկայի հնարավորությունները»,- նշել է Էնդրյու Թըրները։

Դեսպանը գոհունակություն է հայտնել պալատի հաջող մեկնարկի և արդեն իսկ գոյություն ունեցող գործընկերների, դրանց թվում՝ հայ-կանադական համայնքի հետ նրա փոխգործակցության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ այս աշխատանքի շնորհիվ մեկ տարվա ընթացքում կազմակերպվել են փոխադարձ գործարար պատվիրակություններ, կնքվել են պայմանագրեր և անցկացվել միջոցառումներ, որոնք զգալիորեն մեծացրել են հետաքրքրությունը Կանադայի նկատմամբ Հայաստանում։ Թըրները շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավարությանը գրանցած արդյունքների համար՝ հավելելով, որ այժմ երկու երկրներն էլ հնարավորություն ունեն միմյանց տնտեսական ներուժի մասին գիտելիքները տարածել համայնքի սահմաններից շատ ավելի հեռու՝ ավելի լայն գործարար շրջանակներում։