Արևելագերմանական Հալլե քաղաքի բացօթյա լողալու լիճը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ օբյեկտի վարչակազմը ժամանակավորապես սահմանափակել է այն այցելուների մուտքը, որոնք չեն տիրապետում գերմաներենին։ Քաղաքի իշխանությունները պահանջել են չեղարկել այդ կանոնը՝ նախազգուշացնելով հնարավոր իրավական հետևանքների մասին, գրում է The Guardian պարբերականը։

Խոսքը Հայդեզեե լճի մասին է, որը բնական ջրամբար է՝ առաջացած հեղեղված քարհանքի տեղում։ Օբյեկտի կառավարիչը մուտքի մոտ ստուգում է սահմանել, որպեսզի ներս չթողնի այն մարդկանց, որոնք, իր գնահատմամբ, չեն հասկանում գերմաներենով անվտանգության հրահանգները։

Ըստ հաստատության մենեջեր Մաթիաս Նոբելի՝ որոշումն ընդունվել է մի շարք միջադեպերից հետո, երբ այցելուներն անտեսել են անվտանգության կանոնները և բարձրախոսով արվող փրկարարների հայտարարությունները։ Նա հայտարարել է, որ անձնական պատասխանատվություն է կրում ջրում անվտանգության համար և չի կարող ռիսկի ենթարկել հանգստացողների կյանքը։

Ընդսմին, որոշումը արժանացել է իրավապաշտպան և համայնքային մարմինների սուր քննադատությանը։ Խտրականության դեմ պայքարի ազգային գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ նման գործելակերպը փաստացիորեն կարող է նշանակել թաքնված արգելք բնակչության ամբողջական խմբերի համար։ Նա նաև օրինակ է բերել, որ լեզվական նման սահմանափակումներն անթույլատրելի տեսք կունենային այլ երկրներում։  

Հալլե քաղաքի իշխանությունները պահանջել են չեղարկել արգելքը՝ նշելով, որ այն անհամաչափ է և խախտում է հանրային հանգստի վայրեր ազատ մուտք գործելու սկզբունքը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ չի կարելի ներդնել այնպիսի կանոններ, որոնք փաստացիորեն բացառում են բնակչության առանձին խմբերին։

Իրավիճակը գրավել է նաև Փրկարարների գերմանական ասոցիացիայի՝ DLRG-ի ուշադրությունը, որը տարանջատվել է այս նախաձեռնությունից։ Կազմակերպությունն ընդգծել է, որ անվտանգությունը պետք է ապահովվի այլ՝ նվազ սահմանափակող եղանակներով, օրինակ՝ պիկտոգրամների (պատկերանշանների) և բազմալեզու հրահանգների միջոցով։

Քաղաքական հնչեղությունն ուժեղացել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասում սպասվող ընտրությունների ֆոնին։ Ալտերնատիվ Գերմանիայի համար (AfD) կուսակցությունն օգտագործել է իրավիճակն իր հռետորաբանության մեջ՝ հայտարարելով, որ հանրային լողավազանները միգրացիոն քաղաքականության պատճառով վերածվում են «ռիսկի գոտիների»։ Կուսակցությունը նաև տարածել է կարգախոս, որում կոչ էր արվում օբյեկտներ մուտք գործելու թույլտվություն չտալ նրանց, որոնք չեն հասկանում գերմաներեն։

Քաղաքի վարչակազմը հայտարարում է, որ օպերատորը պետք է գտնի հաղորդակցության խնդրի լուծման ավելի մեղմ եղանակներ՝ առանց հանրային ջրամբար այցելելու համար փաստացի արգելքներ ստեղծելու։