Եթե քրեադատավարական ընթացակարգերի տեսանկյունից նայենք, Միքայել Սրբազանի գործը ընդհանրապես դատարանում չպիտի լիներ, և պաշտպանական թիմը բազմիցս ասել է, որ սա քաղաքական հետապնդում է իր բոլոր խախտումների առկայությամբ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Միքայել Սրբազանի պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը։
«Ինչ որոշում կկայացնի դատարանը, իհարկե, չենք կարող կանխատեսել, բայց դատարանի լիազորությունների շրջանակները հետևյալն են, որ կամ պետք է բեկանի առաջին ատյանի դատավճիռը և արդարացման դատական ակտ կայացնի, կամ նյութաիրավական դատավարական իրավունքների խախտումներ արձանագրի և ենթադրենք բեկանի և ուղարկի ըստ ընդհատության քննելու, կամ փոփոխի դատական ակտը։
Մի խոսքով, բազմաթիվ իրավիճակներ կան, միայն կարելի է հստակորեն արձանագրել, որ սա բացահայտ քաղաքական հետապնդում պարունակող գործ է իր բազմաթիվ խախտումներով։
Առաջին ատյանի դատարանը քաղաքական վերդիկտ կայացրեց և ոչ թե իրավական, ոչ թե արդարադատության ոգուն համապատասխան, հետևաբար լիահույս լինենք, որ այնուամենայնիվ այս վիճակում, այս հակաիրավական մթնոլորտում, վերաքննիչ դատարանը իր մեջ ուժ կգտնի և արդարադատություն կիրականացնի, այն է՝ կարդարացնի Միքայել Սրբազանին։ Վերաքննիչն ունի հնարավորություն՝ Միքայել Սրբազանին անպարտ ճանաչել իրեն մեղսագրվող արարքի մեջ»,–ասաց նա։
Պաշտպանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում ամբողջ դատական համակարգը տեռորի է ենթարկված. «Գործող իշխանությունները դատական համակարգը և առհասարակ իրավապահների աշխատանքը համապատասխանեցնում են իրենց քաղաքական ցանկություններին և քիմքին, հետևաբար վերաքննիչ դատարանին իսկապես մեծ համարձակություն է պետք, որ այսօր իրական արդարադատ որոշում հրապարակի։
Մեզ համար շատ կարևոր է, որ նաև Սրբազանի խափանման միջոցը վերացվի, թեկուզ, եթե դատավարական խախտումով բեկանվի, ուղարկվի նոր քննության»։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։ Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։
Դատարանը 2025–ի սեպտեմբերի 25-ին կայացրել էր մեղադրական վերդիկտ՝ մեղավոր ճանաչելով Միքայել Սրբազանին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով, իսկ հոկտեմբերի 3-ին հրապարակած դատավճռով՝ Միքայել Սրբազանին դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։
Դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմը։ Պաշտպանության կողմը պահանջել բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել արդարացման ակտ՝ ճանաչելով և հռչակելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Մեղադրանքի կողմը պահանջել է մասամբ բեկանել դատական ակտը և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։











