Գրավ չեն կիրառել ու պետք էլ չի, ինչի՞ համար գրավ տան, հանցագործներին են գրավ տալիս, ես ի՞նչ եմ արել որ տան։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով իր նկատմամբ կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
«Ես ի՞նչ եմ արել, ընդամենը տելեֆոնով խոսել եմ, Այսինքն ինձ են զանգել, խոսել, ես էլ բացատրել եմ մեր ծրագրերը։ Այս ամենը արել են դիտավորյալ, որպեսզի և՛ քարոզարշավին, և՛ ընտրություններին։ Գիտեն, որ ժողովուրդը ինձ հարգում է, հարգանքը եմ վայելում ժողովրդի մեջ, կգա իմ հետևից։ Դրա հետ է կպված,մ ուրիշ ոչ մի բան»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեգնում էր, ասում էր՝ ուժեղ կրվեցին, Կանդազը արձագանքեց. «Ուժեղ Հայաստանը չի կրվում»։
Նշենք, որ այսօր դատարանի որոշմամբ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, գործով առաջին դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց նրա խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։
Հիշենցենք՝ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։











