Ընդդիմության մուտքն ԱԺ կնշանակի համաձայնություն ընտրությունների արդյունքների հետ: Այսօր` մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հիշեցրեց, որ մինչ այժմ կայացած ընտրություններում պարտություն կրած կողմը հրաժարվել է ընդունել դրանց արդյունքները: «Եթե այս ընտրությունների արդյունքում ընդդիմությունը համաձայնի մտնել խորհրդարան եւ աշխատել, կստեղծվի լրիվ այլ քաղաքական իրավիճակ», - նշեց փորձագետը:
Նրա խոսքով, նոր խորհրդարանը կլինի ավելի կուսակցական եւ մասնատված: Խոսելով խորհրդարանում ընդդիմության դերի մասին, Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ նախկին ընտրություների արդյունքներով ընդդիմությունը, որի օգտին քվեարկել էին ընտրողների կեսից պակասը, խորհրդարանում ներկայացված էր մոտավորապես 6 պատգամավորով: «Եթե ընդդիմության ձայնը չի հասնում այնտեղ, ուր պետք է, նա փողոց է դուրս գալիս», - ասաց փորձագետը:
Իսկանդարյանի խոսքով, ընդդիմությունն այժմ ներկայացված կլինի ավելի լայն, իսկ ընտրազանգվածն այս դեպքում կլինի փոքր եւ ապատիկ: «Այս իմաստով խորհրդարանը կլինի ավելի աշխույժ», - գտնում է քաղաքագետը:
Ի դեպ, նա կարծիք հայտնեց, որ այս ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դրսեւորեց ավելի ակտիվ ընդդիմադիր դիրք, քան ավանդական ընդդիմությունը: Այս իմաստով հենց այդ ուժը կարող է լինել Հայաստանի հանրապետական կուսակցության ընդդիմադիրը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 6-ին, որին համամասնական ընտրակարգով մասնակցել է 9 քաղաքական ուժ: Ըստ նախնական տվյալների ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն: Մյուս երեք ուժորը չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: Մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն հաղթել է 29 ընտրատարածքներում, ԲՀԿ-ն` 8, իսկ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը` մեկական ընտրատարածքներում:




























