Մենք երրորդ կողմ ենք, մենք դիրքորոշում ենք ներկայացնում, իսկ հետևություններն անելու է դատարանը, ուստի պետք է սպասենք դատարանի հետևություններին: Այս մասին այսօր՝ հունիսի 30–ին, ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ՍԴ–ում ՔՊ–ի ներկայացուցչն է։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում դիմող ուժերի կողմից ներկայացված փաստարկները, նա պատասխանեց. «Դրանց անդրադարձել ենք մեր դիրքորոշումներում և մեր կողմից բարձրացված հարցերում։ Իրականում տարբեր են քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները: «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկները գրեթե նույնանում են, նրանց է միանում ինչ-որ առումով նաև «Միասնության թևերը»։ Այ մյուս երկու ուժերի հետ կապված՝ «Հանուն Հանրապետության» և ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչների փաստարկները բովանդակային առումով տարբերվում են իմ կողմից վերը նշված մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։
Ինչու՞ եմ սա նշում, որովհետև կախված այդ փաստարկների բովանդակությունից մեր դիրքորոշումը դրանց մասով տարբեր է։ Օրինակ, «Հանուն Հանրապետության» և ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել։ Մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք և միայն մի կետում իրենց հետ կարելի է ասել՝ համաձայն չենք, որ դրանք կարող էին հանգեցնել ընտրության արդյունքների անվավերության։
Մենք ասում ենք, որ անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն»։
Դիտարկմանը՝ ստացվում է, որ ՔՊ–ն ընդունում է մեծ ծավալով ընտրակաշառքներով կայացած ընտրությունների արդյունքները, Գալյանն ասաց. «Նախ, ինչպիսի չափի մասին է խոսքը, դա շատ մեծ նշանակություն ունի, երկրորդ, մեր կարծիքն այն է, որ ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից, և մենք ականատեսն ենք նրա, որ ստացել են կամ շարունակում են ստանալ և յուրաքանչյուր կոնկրետ գործով անցնող անձը, եթե նրա մեղքը հաստատվում է, պետք է արժանանա քրեական ամենախիստ պատասխանատվության։ Սա մեր դիրքորոշումը»։
Անդրադառնալով նրան, որ թեև ՍԴ–ն դեռ քննարկում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, սակայն իշխող ուժն արդեն պաշտոններ է բաժանում, Արդարադատության նախարարն արձագանքեց. «Ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում։ Այն ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են, այսինքն վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության պրոցես, ինչը կարծում եմ շատ նորմալ է և այս պրոցեսի հետ կապված միայն ուրախություն կարելի է արտահայտել և ոչ թե մտահոգություն։
Ես տեսել եմ մամուլի հրապարակումներից, որ այլ ուժեր ևս քննարկում են կամ քննարկել են մանդատ վերցնել-չվերցնելու հարցը, և ձեր հարցին կարող ենք նաև նայել այդ լույսի ներքո, բայց ես նորմալ եմ համարում այդ գործընթացը։ Քաղաքական ուժերի կողմից նորմալ գործընթաց է, որը նորմալ է, որ տեղի է ունենում հերթական ընտրություններից հետո»։
Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ կիսում է կարծիքը, որ ընդդիմադիր ուժերի հայցերը ՍԴ որևէ հեռանկար չունեն, բայց որոշումը պետք է կայացնի դատարանը։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել ու դեռ շարունակվում է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ Վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։











