Մայիսի 9-ի տոնը կապում է մի քանի սերունդների: Այդ մասին NEWS.am-ի թցղթակցի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը:
«1992 թվականից այս ամսաթիվը մեզ համար եռակի տոն դարձավ` ներդաշնակորեն կապելով մի քանի սերունդների եւ դառնալով Հայրենիքի նվիրվածության եւ հաղթանակների խորհրդանիշ», - նշեց Աշոտ Ղուլյանը:
Նրա խոսքով` 1992թ. մայիսի 9-ը կարեւոր հիմնաքար դարձավ ԼՂՀ կայացման եւ Պաշտպանության բանակի ձեւավորման համար, խորհրդանշեց ազատության ոգու հաղթանակը եւ դարձավ հայ մարտիկների հերոսության փայլուն դրսեւորում; Շուշիի ազատագրումը եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ձեւավորումը կարեւոր հիմք դարձավ պետականության ամրապնդման աշխատանքները շարունակելու գործում, որոնց նպատակը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է, նշեց Աշոտ Ղուլյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի խոսնակը նաեւ համոզմունք հայտնեց, որ մայիսի 9-ը տոն է բոլոր հայերի, ինչպես նաեւ մեր ժողովրդի բարեկամների համար: «Ցանկանում եմ, որպեսզի մենք միմյանց շնրհավորենք հաղթանակների փառավոր տոնի կապակցությամբ, եւ ուզում եմ մաղթել խաղաղություն, հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ», - եզրափակեց Աշոտ Ղուլյանը:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, որի ընթացքում ճակատից չեն վերադարձել շուրջ 300 հազար հայեր։ Մայիսի 9-ը 20 տարի առաջ կրկին հայ ժողովրդի ճակատագրում դարձավ բեկումնային։ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքում Շուշին վերածվել էր ադրբեջանական ռազմական հենակետի։ Շուշիի ազատագրման գործողությունն սկսվեց 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը։ Հարձակումն իրականացվեց մի քանի ուղղությամբ։ Այն տեւեց շուրջ 26 ժամ։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04։00-ին հակառակորդը լքեց Շուշին։ Հայկական կողմը կորցրեց 58 մարտիկ, ադրբեջանականը՝ 200։




























