Այսօր մեր երկրի ամենակարեւոր օրերից մեկն է` Շուշիի գրավման օրը. ուզում եմ շնորհավորել ԵԿՄ-ին եւ նրա հավերժ նախագահ, իմ եղբայր Վազգեն Սարգսյանին Երկրապահի օրվա կապակցությամբ: Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքում այսպես սկսեց իր ելույթը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Մենք կարողացանք համախմբվել եւ ծնկի բերել մեզնից ավելի հարուստ եւ շատ բնակչությամբ Ադրբեջանին, կարողացանք հաղթահարել բնական աղետը` Սպիտակի երկրաշարժը: Բայց դժբախատաբար մենք նույնը չենք կարողանում անել խաղաղ իրավիճակում: Չենք կարողանում խաղաղ իրավիճակում պատերազմ հաղթած տղերքին իրար գլխի հավաքել, ցույց տալ, թե ուր ենք գնում, ինչի համար ենք պայքարում: Լուրջ հետեւութուններ անելու խնդիր ունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով փաստին, որ մայիսի 6-ի ընտրություններում գլխավոր դերը խաղաց ընտրակաշառքը, Արամ Սարգսյանն ասաց. «Փողն էր թեկնածու, ինչու մեր հասարակության մի ստվար զանգված վստահում է փող-թեկնածուին, քան մարդ-թեկնածուին: Իշխանությունը կարող է չմտածել, դա իրեն ձեռնտու է, բայց մենք պետք է մտածենք, թե ինչ ենք առաջարկելու: Երկար ժամանակ չունենք, յոթ ամսից կրկին ընտրություններ են եւ պետք է մտածել: Ես իմ մեղքը զգում եմ այս հարցում: Մենք փող բաժանելու համար պիտի գողանանք, եթե գողանանք մեր եւ իրենց տարբերությունը ո՞րն է: Ես վստահ եմ, որ մենք ճիշտ քայլեր կանենք եւ ճիշտ հետեւություններ»:

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էլ նշեց, որ շատերը չհասկացան, որ վաճառելով իրենց ձայնը զրկում են իրենց եւ իրենց երեխաներին ապագայից: Նա շնորհակալություն հայտնեց Կոնգրեսի օգտին քվեարկածներին եւ հույս հայտնեց, որ Կոնգրեսը նոր լիցքերով է լծվելու պայքարին: