Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով հերթական դատավարության ժամանակ մեղադրյալ Գարիփ Իրֆան Թորունը պնդել է թե իր մոտի զենքն ինքը գնել է «Էրգենեկոն»-ի գործով մեկ այլ մեղադրյալ, Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինից:

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` Գարիփ Իրֆան Թորունը դատարանում հայտարարել է, թե ինքնապաշտպանության համար զենք է ցանկացել գնել եւ Իբրահիմ Շահինի մոտ տեսնելով` խնդրել է վաճառել այն իրեն:

«Ես իմացել եմ, որ զենքն անօրինական է, սակայն 1800 լիրա արժեքն ինձ հարմար էր, եւ ես գնեցի այն:  Իմ բնակավայրում քուրդ ահաբեկչները հաճախ են ճանապարհներ կտրում: Այդ զենքով ես նրանց էի սպանելու»,-ասել է Թորունը` հերքելով, թե այդ զենքով պետք է սպաներ Սվասի հայերի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերին:

Նշենք, որ  Իբրահիմ Շահինը «Էրգենեկոն»-ի գործով մեկ այլ մեղադրյալ  Էրսին Գյոնենջիի միջոցով հրահանգել էր Էմրահ Գյոնենջիին՝ իմանալ  Սիվասի նահանգի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի հասցեն՝ նրան սպանելու համար:

Հիշեցնենք, որ  «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել:  «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել  Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը: