Մարկ Ռոտկոյի «Նարնջագույն, կարմիր, դեղին» կտավը, որը նկարվել է 1961 թվականին, աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով, որը երբեւէ առաջարկվել է ժամանակակից արվեստի ստեղծագործության համար։  86,9 միլիոն դոլար. այդպիսին է Նյու Յորքում Christie`s աճուրդի տան արդյունքը։

Մինչ այդ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նկարված  կտավների շարքում գնային ռեկորդը պատկանել է ֆրենսիս Բեկոնի «Տրիպտիխին», որը 2008 թվականին վաճառվել էր 86,3 միլիոն դոլարով։ 

Աճուրդի արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 388,5 միլիոն դոլար. այդ ցուցանիշը եւս գերազանցում է  նախորդ ռեկորդը, որը հաստատվել էր 2007 թվականին՝ ժամանակակից արվեստի աճուրդում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունքի  «Ճիչ» նկարը Նյու Յորքի Sotheby`s աճուրդի տանը բացարձակ ռեկորդ էր սահմանել.  այն վաճառվել էր  119 922 500 դոլարով՝ դառնալով գեղանկարչության պատմության ամենաթանկարժեք  գլուխգործոցը։ 
Չորեքշաբթի Նյու Յորքի Sotheby`s աճուրդի տանը եւս մեկ աճուրդ կկայանա, որում կառաջադրվեն ժամանակակից նկարիչների ստեղծագործությունները, այդ թվում Ռոյ Լիխթեյնշթեյնի «Քնած աղջիկը»։ 

Մարկ Ռոտկոն, իսկական անունը՝ Մարկուս Ռոտկովիչ, ծնվել է 1903 թվականին Դվինքս քաղաքում,  այժմ՝ Դաուգավպիլսե, ժամանակակից Լատվիայի տարածքում։ 1913 թվականին ապագա նկարչի ընտանիքը գաղթել է Փորթլենդ։ Ռոտկոյի ամենահայտնի կտավներն աբստրակտ նկարներ են, որոնք բաղկացած են մի քանի գունային գոտիներ ներկայացնող շերտերից։