Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համամասնական ընտրակարգով վերահաշվարկի դիմումներ է ստացել միայն 17 ընտրատեղամասերի վերաբերյալ: Այդ մասին, այսօր` մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Վերջինիս խոսքով, 1982 տեղամասերից մեծամասնական ընտրակարգով միայն 33-ում են ստացվել վերահաշվարկի դիմումներ, որոնք վերաբերել են 3 ընտրատարածքների:

«Համամասնական ընտրակարգով Հայ ազգային կոնգրեսի ութ վստահված անձինք վերահաշվարկի դիմում են ներկայացրել ընդամենը 8 տեղամասերի համար, ինչը կազմում է բոլոր տեղամասերի 0,4 տոկոսը: ԲՀԿ-ից ստացվել է 1, «Ժառանգությունից»` 1, «Օրինաց երկրից»` հինգ դիմումներ»,- նշեց Մուկուչյանը:

Նա նաեւ հայտնեց, որ ուսումնասիրվել են ՏԸՀ-ների գրանցամատյանները, որտեղ ըստ օրենքի, արձանագրվում են խախտումները: Պարզվել է, որ միայն չնչին մասում են գրառումներ եղել խախտումների մասին:

Նշենք, որ մայիսի 6-ին կայացած ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունն ստացել է  44,05% (663 066 ձայն), «Բարգավաճ Հայաստանը»` 30,20% (454 684 ձայն), Հայ ազգային կոնգրեսը 7,10% (106 910 ձայն), «Ժառանգությունը»` 5,79% (87 095 ձայն), ՀՅԴ-ն` 5,73% (86 296 ձայն), «Օրինաց երկիրը»`   5,49% (82 690 ձայն), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 1,06% (15 933 ձայն), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` 0,37% (5633 ձայն), «Միավորված հայերը»` 0,20% (3080 ձայն):

Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 5%-ից ավելի հավաքել, իսկ դաշինքներին` 7%-ից: Այդկերպ, Հայաստանի խորհրդարան կմտնեն 5 կուսակցություններ եւ մեկ քաղաքական դաշինք:

Մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ունի 29 մանդատ, ԲՀԿ-ն` 8: Մեկական պատգամավոր էլ ընտրվել են ՀՅԴ-ից եւ ՕԵԿ-ից: Խորհրդարան են անցել եւս երկու անկախ պատգամավորներ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի