Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամբողջ հանրապետությունում չկա որեւէ մարզ, որտեղ հարյուր տոկոս մասնակցություն է եղել: Այդ մասին այսօր` մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` արձագանքելով ընդդիմության ներկայացուցիչների պնդումներին, թե մի շարք ընտրատարածքներում 100 տոկոս եւ ավելի մասնակցություն է գրանցվել:
Ըստ Մուկուչյանի` 100 տոկոս կամ ավելի մասնակցություն գրանցվել է միայն 9 տեղամասերում: Այդուհանդերձ, ըստ ԿԸՀ նախագահի, դրանք միայն նախնական տվյալներ են, եւ չի բացառվում, որ վերջնարդյունքում այդ թվերը փոխվեն: Պարզվում է, որ ԿԸՀ-ն առցանց հրապարակել է ԸԸՀ-ներից ստացված բոլոր տվյալները եւ հավանաբար հենց այդ պատճառով էլ որոշ անճշտություններ են արձանագրվել: Արագածոտնի մարզի տեղամասերից մեկում էլ ընտրողների մատյանում նշված է եղել 84 ընտրողի անուն, իսկ հաղորդվում էր, թե քվեարկել է 86-ը: Ըստ Մուկուչյանի, դա միայն մեխանիկական սխալ է, իրականում այնտեղ քվեարկել է 66 ընտրող:
«Որեւէ էական խախտում կամ շեղում ստուգումների արդյունքում չի հայտնաբերվել: Լցոնումներն ու խախտումները միանշանակ կերեւային վերահաշվարկի ժամանակ»,- նշել է Մուկուչյանը:
Նշենք, որ մայիսի 6-ին կայացած ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունն ստացել է 44,05% (663 066 ձայն), «Բարգավաճ Հայաստանը»` 30,20% (454 684 ձայն), Հայ ազգային կոնգրեսը 7,10% (106 910 ձայն), «Ժառանգությունը»` 5,79% (87 095 ձայն), ՀՅԴ-ն` 5,73% (86 296 ձայն), «Օրինաց երկիրը»` 5,49% (82 690 ձայն), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 1,06% (15 933 ձայն), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` 0,37% (5633 ձայն), «Միավորված հայերը»` 0,20% (3080 ձայն):
Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 5%-ից ավելի հավաքել, իսկ դաշինքներին` 7%-ից: Այդկերպ, Հայաստանի խորհրդարան կմտնեն 5 կուսակցություններ եւ մեկ քաղաքական դաշինք:
Մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ունի 29 մանդատ, ԲՀԿ-ն` 8: Մեկական պատգամավոր էլ ընտրվել են ՀՅԴ-ից եւ ՕԵկ-ից: Խորհրդարան են անցել եւս երկու անկախ պատգամավորներ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























