«1988թ բանակը կայացած էր եւ դա ոչ մեկին պետք չէ վերագրել՝ ոչ սպարապետիկներին, ոչ գեներալիկներին, դա ժողովորդի ոգին էր եւ կամքը, որ ստեղծեց իր բանակը»,-այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շուշիի ազատագրումը լուսաբանող լրագրող Լեւոն Մարգարյանը: Նրա փոխանցմամբ՝ նյութերում իրենք ներկայացնում էին հոգեբանությունը, ոչ թե հիմնական խնդիրները: «Շուշիում հայտնվելով՝ իմ բախտը բերեց, ուղղաթիռով պետք է Շահումյան գնայինք, բայց Շուշիի գրոհը սկսվել էր եւ վայրէջք կատարեցինք Ստեփանակերտի ստադիոնում: Մյուս օրը, տղերքը եկան, հրաշք գործեցին, մտանք Շուշի: Երբ Շուշիից իջնում էինք Ստեփանակերտ, ամբողջ ճանապարհին ծաղիկներ էին սփռված, ցնծությունն էր, որ ապրում էինք»,-պատմեց նա:

Լ. Մարգարյանը կարեւորեց հայրենիքի մասին մտածելը՝ նշելով, որ  հայրենիք ունենալը քիչ է, հայրենիք պահելը եւ ներկայացնելն է նաեւ կարեւոր: «Որ էսքան կուսակցություններ կան, ո՞ւմ է պետք: Նժդեհին հիշենք, որ մարդ պետք է ոչ թե քաղաքական գործիչ լինի, այլ ազգային, պետական գործիչ»,- նշեց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ գրականագետ, Շուշիի ազատագրումը լուսաբանող լրագրող Վարդան Դեւրիկյանը նշեց, որ Շուշիի քսանամյակի հետ կապված երեք բան պետք է անենք՝ ոգեկոչենք զոհվածների հիշատակը, խոնարհվենք կռվածների առաջ, այն ժողովրդի առաջ, ովքեր չընկրկեցին սահմանամերձ գյուղերում, իսկ երրորդը՝ ուժեղ Հայաստան ստեղծենք:

«Մինչեւ զինծառայող դառնալը, ես լրագրողական խնդիր չեմ դրել, հայագիտական, հետազոտական խնդիր եմ դրել, հետաքրքիր էր պարզել ժողովրդի համարժեք արձագանքը՝ պատերազմական գործողություններին: Ես իմ հոդվածներում փորձել եմ ցույց տալ այն տրամաբանությունը, որով  գնացել են Արցախի պաշտպանական ուժերը»,-նշեց նա՝ հավելելով, որ Շուշի հաղթանակը հայ լրագրության հաղթանակն էր, որ աշխարհին կարողացավ ներկայացնել:

Վարդան Դեւրիկյանը հայտնեց նաեւ իր ուրախությանը, որ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյան դառնալու է Ազգային ժողովի պատգամավոր, քանի որ վստահ է, որ կբարձրացնի կռվածների խնդիրները, կլինի նրանց պաշտպան, կներկայացնի նրանց շահերը: