Ընդդիմությունը միշտ պետք է դժգոհ լինի: Այս մասին այսօր` մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքով, ընդդիմության դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ մինչ ընտրություններ նրանք այլ արդյունքների հույս ունեին, սակայն չհավաքեցին ձայների սպասված թիվը:
Նիկոյանը նորմալ է վերաբերում Հայ ազգային կոնգրեսի` ՍԴ դիմելու նախաձեռնությանը, խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով:
«ՀԱԿ-ը եւ մյուս բոլոր քաղաքական ուժերը կարող են դիմել ոչ միայն Սահմանադրական դատարան, այլեւ այլ ատյաններ, որտեղ իրավունք ունեն դիմել: Դա նրանց սահմանադրական իրավունքն է»,-ասաց նա:
Մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Նիկոյանն ընդգծեց ժողովրդի ընտրություն կատարելու կարեւորությունը: «Բազմաթիվ միջազգային դիտորդները հնչեցրեցին իրենց գնահատականը, որը բոլորին հայտնի է: Ես հասկանում եմ, որ կան դժգոհ կուսակցություններ եւ քաղաքական ուժեր, բայց ընտրողը ժողովուրդն է»,-ասաց խորհրդարանի խոսնակը, հավելելով, որ նման ազատ, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ երբեք չեն եղել:
«Եթե հասարակությունը տեսնի, որ իր ձայնը չի հասել հասցեատիրոջը, նա դուրս կգա փողոց եւ կհայտնի իր բողոքը»,-ընդգծել է Նիկոյանը: Նա խոստովանել է, որ այս ընտրություններում հաշվարկի ընթացքում որոշակի թերություններ եղել են եւ հայտարարել, որ առաջիկա նախագահական ընտրություններում կներդրվեն բոլոր ջանքերը դրանք վերացնելու համար:
Ի դեպ, վետերանների հետ դաշտային ճաշկերույթին մասնակցող Սամվել Նիկոյանը սեղանի մոտ հրավիրեց նաեւ լրագրողներին, ասելով, թե օգտվեք, որ հետո չասեք, թե կերակրատաշտից միայն մենք ենք օգտվում:




























