53 տարվա ստաժ ունեմ, «Արարատցեմենտի» գործարանում, այս գործարանը աշխատում է օրական 24 ժամ, այսօրվա արածն արա՞ծ էր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Արարատ ցեմենտի» գործարանի աշխատակիցներից մեկը՝ անդրադառնալով նրան, որ առավոտից իրավապահները մտել են գործարանի տարածք, խուզարկություններ են իրականացրել՝ կաթվածահար անելով գործարանի աշխատանքը։
«Սա աշխատանքային հոսք է, ամեն աշխատող պետք է իր տեղում կանգնած լինի, որ վթարներ չստեղծեն։ Այս ի՞նչ արեցին, մենք հասանք ժամը 8-ին, մի մասը եկել էր, մի մասը չէր եկել և մեծ ավարիա ստեղծվեց փեչի վրա, լավան մնաց փեչի մեջը, վերջը ո՞նց է լինելու։
Մեծ վտանգ է ստեղծվել, ամեն ժամը վառվում է 13000 խմ–ից ավել գազ, գազը փեչի մեջ է ու ավարիյան ստեղծվում է և մարդ չկա որ տեր կանգնի։ Բանվորներին ո՞նց կարելի է կանգնեցնել գործարանի դեմը, թող մտնեին, թող իրենց հերթափոխն ընդունեին։ Կամ նախօրոք ասեին, որ այսպիսի բան է լինելու, մենք կանգնեցրած լինեինք, լավան չթողեինք փեչի մեջ։
Նմանատիպ գործարանը պետք է ամբողջ Կովկասին ցեմենտ մատակարարեր, այսօր Ադրբեջանը մեզանից անցավ առաջ, մենք մնացինք հետ։ Նմանատիպ հանքաքար ոչ մի տեղ չկա, նման գործարանը կանգնեցնելը անհավատալի է»,–ասաց աշխատակիցը։
Նա նկատեց, որ գործարանի բազմաթիվ աշխատակիցները մնալու են առանց աշխատանքի, եթե գործարանը չաշխատի։
Նշենք, որ այսօր առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի քանի տասնյակ ընկերություններում համաժամանակյա խուզարկություններ են ընթանում։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 6–ի վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են։ Ավելի ուշ Աբովյանը նոր տեսանյութ է տարածել Ծառուկյանի տան դիմացից՝ նշելով, որ վերևում դրոններ են աշխատում. «Որոշ տվյալներով նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող վայրեր են մտել խուզարկության. Խոսքը վերաբերում է Կոնյակի գործարանի, Օլիմպավանի, «Մուլտի վելնես» ընկերության մասին է»։
Այս առնչությամբ Քննչական կամիտեից NEWS.am—ին միայն հայտնել էին. «Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում սպառնացել էր ունեզրկել ու կալանավորել իր ընդդիմախոսներին։ Մասնավորապես, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին էր։











