Լեւոն Տեր-Պետրոսյանից ավելի լավ նախագահի թեկնածու Հայ ազգային կոնգրեսը չունի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս է շարունակելու մնալ քաղաքականության մեջ եւ արդյոք 2013-ի նախագահական ընտրություններում կառաջադրի՞ իր թեկնածությունը:
«Գիտեք ինչ, նա շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը, եւ եթե դուք ինձ հարցնեք՝ ով է ամենահավանական թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ես կարծում եմ, որ այդ հարցն անվիճելի է Հայ ազգային կոնգրեսի ներսում։ Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել անվիճելի հեղինակություն, եւ ավելի լավ թեկնածու մենք չունենք», -ասել է Զուրաբյանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ՀԱԿ առաջնորդը մայիսի 8-ի հանրահավաքում տեղեկացնելով պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, միաժամանակ հայտարարել էր, որ դա ամենեւին չի նշանակում, որ ինքը քաղաքական գործունեությունը կդադարեցնի։




























