«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 9–ի առավոտյան ակցիա են իրականացնում գործարանի տարածքում. նրանք պահանջում են հանել կապարակնիշները, բացել գործարանը և թույլ տալ իրենց աշխատել։

Արարատցեմենտի տնօրեն Արտյոմ Պողոսյանը մասնավորապես, նշել է. «Այդ մարդիկ, ըստ երևույթին, պատվեր են իրականացրել, պետք է եղել, եկել են, փակել, գնացել են։ Դիմել ենք քննչական կոմիտե, ասել ենք՝ արի այդ դրած կապարակնիքները հանի, կարողանանք աշխատել, ժողովրդի օրվա հարցի հարցը լուծել: Մինչև այսօր այս պահի դրությամբ որիցե նորություն չունենք։ Հաշվապահությունը փակ է, իրացում չկա, ֆինանսներ չկան, այս պայմաններում ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը»։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» է որակել։