Տուլացի ձեռնարկատեր Գեղամ Սարգսյանի գործով նորություններ առաժմ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգսյանի փաստաբան Եվգենի Միշիխինը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ապրիլի սկզբին Գեղամ Սարգսյանն իր ընտանիքը պաշտպանելու ժամանակ սպանել էր չորս կողոպտիչներից երեքին:
Փաստաբանի խոսքով` առայժմ նորություններ չկան. «Գեղամ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա, եւ սրանք վերջին տվյալներն են»,-հիշեցրեց փաստաբանը: Ինչ վերաբերում է փորձաքննություններին, Միշիխինը նկատեց, որ իրեն, որպես վկայի ներկայացուցչի, դրանց մասին չի հաղորդվում: «Ամենայն հավանականությամբ, նման փորձաքննություններ պետք է անցկացվեին, սակայն հետաքննչական մարմինն այդ մասին չի հայտնում վկային»,-նշեց փաստաբանը: Պատասխանելով մյուս գործի ընթացքի մասին հարցին, որով Սարգսյանը համարվում է տուժող, Եվգենի Միշիխինն ասաց, որ հարցաքննվել են ձեռնարկատերի հարազատները:
Հիշեցնենք, որղբերգական դեպքը, որը մեծ արձագանք է գտել ռուսաստանյան մամուլում, տեղի է ունեցել 2012 թ. ապրիլի 7-ին` Տուլայի մարզի Օկտյաբրսկ ավանում: Երեկոյան ժամը իննին չորս հանցագործներ ներխուժել են Սարգսյանի տուն։ Հարձակվողները զինված են եղել ատրճանակով, դանակներով եւ բեյսբոլի մահակով:
Նրանք սպառնացել են սպանել Սարգսյանին եւ ընտանիքի բոլոր անդամներին՝ չնայած Գեղամ Սարգսյանը առանց դիմադրություն ցույց տալու համաձայնել է նրանց տալ տան ամբողջ գումարը եւ թանկարժեք իրերը։ Գեղամ Սարգսյանը, դիմադրություն է ցույց տվել, երբ կողոպտիչներից մեկը ատրճանակը ուղղել է դեպի նրա թոռը: Սարգսյանը սպանել է երեք կողոպտիչներին, վիրավորված չորրորդը, կարողացել է հեռանալ:
Ի պաշտպանություն Սարգսյանի շատերն են հանդես եկել։ Տուլայի մարզպետ Վլադիմիր Գրուզդեւը, ՌԴ հանրային խորհրդի անդամ, իրավաբան Անատոլի Կուչերենան նույնպես աջակցում են նրան:Հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ:




























