«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Արարատ» կոմբինատի աշխատակիցները հուլիսի 13-ին բողոքի ակցիա են իրականացրել իրավապահ մարմինների կողմից ձեռնարկության կապարակնքման դեմ։ Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ արտադրությունն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ կանգնած է, ինչի պատճառով վարկային և սոցիալական պարտավորություններ ունեցող հազարավոր մարդիկ հայտնվել են լիակատար անորոշության մեջ։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին հայտարարել է, որ նույնիսկ անցած տարիների ամենաբարդ շրջաններում խոշոր բիզնեսն անխափան է աշխատել։ «Մենք խաղաղ բողոքի ակցիա ենք անում, որպեսզի հասարակությունը տեսնի, որ խոշոր ձեռնարկության աշխատանքն ամբողջությամբ արգելափակված է։ Նույնիսկ կորոնավիրուսի համավարակի օրոք կամ պատերազմների ժամանակ գործարանները ոչ մի րոպե չեն կանգնել։ Մեր ղեկավարը (խմբ.՝ Գագիկ Ծառուկյանը) միշտ ժամանակին մեզ կանչել է, մենք աշխատել ենք ու առանց որևէ խնդրի ստացել մեր աշխատավարձը։ Չպետք է մոռանալ նաև այն մասին, թե որքան վիրավոր զինվորներ ու քաղաքացիներ են բուժվել նրա բարեգործական հիմնադրամի շնորհիվ», — նշել է նա։

Կոմբինատի աշխատակիցներն ընդգծել են, որ եթե պետական մարմինները հարցեր կամ իրավական հավակնություններ ունեն, ապա ստուգումները պետք է իրականացնեն առանց արտադրությունը կաթվածահար անելու։ Ակցիայի մասնակիցները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալ աշխատանքային վայրեր։

«Մենք խնդրում ենք, պահանջում ենք մեր վարչապետից՝ ինչպես ուզում եք հասկացեք, մարդկանց աշխատելու հնարավորություն տալ։ Բոլորն ընտանիքներ ունեն, վարկեր ունեն։ Մենք կանգնած ենք և կանգնելու ենք մեր ղեկավարի կողքին, դա նույնիսկ չի էլ քննարկվում։ Հիմա փորձում ենք մեր ձայնը տեղ հասցնել վարչապետին, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Եթե պարապուրդը երկարի, ժամանակն ու իրադարձությունների ընթացքը ցույց կտան հետագա քայլերը», — ասել է ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում և առանձնատանը մասշտաբային խուզարկությունները սկսվել են հուլիսի 6-ին, ինչից հետո նա ձերբակալվել ու կալանավորվել է։ Գործը վերաբերում է 2022-2024 թվականներին կատարված խարդախություններին և փողերի լվացմանը։ Հուլիսի 9-ին Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտը» կանցնի պետական սեփականության, իսկ կնքված օբյեկտներում կնշանակվեն ժամանակավոր կառավարիչներ։