Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմնակիցները նախկին «հեղափոխականների» կողմից բանտերում ենթարկվում են դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների։ Այդ մասին հայտնել էր Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Մարթինը՝ ելույթ ունենալով ԱԽ-ի մայիսի 10-ի բաց նիստում։ Ըստ նրա` բանտերում գտնվում են սպանված Քադաֆիի  շուրջ 4 հազար հետեւորդներ։ 
Ըստ Մարթինի՝ Լիբիայի բանտերում շարունակում են կառավարել այսպես կոչված հեղափոխական ջոկատները, չնայած որ արդարադատության նախարարությունը պնդում է, որ  վերահսկում է նրանց։ 

«Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը վերջերս խոր մտահոգություն է արտահայտել Միսրաթ քաղաքում երեք բանտարկյալների մահվան վերաբերյալ, որը պաշտոնապես ենթարկվում է Լիբիայի ներքին գործերի նախարարությանը։ Բոլոր այդ մարդիկ մահացել էին ապրիլի 13-ին, եւ մենք  վստահելի տեղեկություն ունենք, որ նրանց մահը կտտանքների հետեւանքով է եղել», - ասել է Մարթինը։

Լուրեր կան նաեւ Տրիպոլիի, Էզ Զաուիայի եւ Զինթանի բանտերում կտտանքների մասին, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Լիբիայի կառավարությունը պետք է առաջնահերթ սկզբունքով զբաղվի նման իրողության հետաքննությամբ, եթե նա իսկապես հետաքրքրված է «մարդու իրավունքների նոր մշակույթի եւ հետհեղափոխական Լիբիայում օրենքի գերակայության» ստեղծմամբ: