Առեւտուրը շարունակում է մնալ Հայաստանի առեւտրային բանկերի կողմից վարկավորման նախասիրած ուղղությունը; Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման` 2012 թ. ապրիլի 1-ի դրությամբ առեւտրի ոլորտի վարկավորումը կազմել է 298 մլրդ դրամ (մոտ 780 մլն դոլար), որը բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 21.8 %-ն է: Նախորդ տարվա ապրիլի 1-ի համեմատ առեւտրի ոլորտի վարկավորման ծավալն աճել է 8.1%-ով: Առեւտրի վարկավորման ծավալները գրեթե կրկնակի գերազանցում են մշակող արդյունաբերության վարկավորման ծավալներին:

Վերջին մեկ տարվա ընթացքում վարկավորման ամենամեծ աճ աձանագրվել է հանքարդյունաբերությունում` 87.6%: Ընդհանուր առմամբ` հանքարդյունաբերությունը վարկավորվել է 51 մլրդ դրամի չափով (մոտ 135 մլն դոլար):

Բանկերի համար վարկավորման երկրորդ խոշորագույն ուղղությունը սպառողական վարկերն են, որոնց ծավալը վերջին մեկ տարում աճել է 9.9%-ով եւ 2012 թ. ապրիլի 1-ի դրությամբ հասել 239 մլրդ դրամի (մոտ 630 մլն դոլար):

Հիփոթեքային վարկավոորման էական աճ չի արձանագրվել: Վարկավորման ծավալը կազմում է 112.5 մլրդ դրամ (մոտ 295 մլն դոլար), աճը 1.9% է: Նմանապես` շինարարությունը նույնպես աչքի չի ընկնում վարկավորման աճով` 98 մլրդ դրամ (258 մլն դոլար, աճը` 1.7 %);

Որոշ աշխուժություն կա գյուղատնտեսության վարկավորման գծով` 9% աճ եւ 88 մլրդ դրամ (մոտ 230 մլն դոլար):