Մենք այլևս հույսեր չենք կապում պետական ու միջազգային որևէ կառույցի հետ, դրա համար էլ պատրաստ ենք ուղղակիորեն կապ հաստատել Ադրբեջանի՝ նույն կարգավիճակում գտնվող քաղաքացիների հետ, որպեսզի երկկողմ տվյալներ փոխանակենք թաղման վայրերի և աճյունների վերաբերյալ։ Հուլիսի 20-ին ՀՀ կառավարության շենքի առջև անցկացվող ակցիայի ժամանակ այս մասին հայտարարել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ անհետ կորածների ընտանիքներն արդեն վեց տարի է՝ ապրում են տեղեկատվության իսպառ բացակայության անանցանելի պայմաններում, ինչի պատճառով էլ որոշում են կայացրել գործել բացառապես սեփական ուժերով՝ երրորդ երկրների միջոցով։ «Մենք չենք պատրաստվում ժպիտով գնալ թշնամու մոտ կամ ծնկի գալ նրանց առջև․ մենք գնում ենք հստակ գործով․ մենք ունենք անհետ կորածներ ձեր հողում, դուք՝ մեր, և մենք խնդրում ենք շարքային մարդկանց ռուսերենով կապ հաստատել մեզ հետ՝ փոխադարձ որոնման համար», — ընդգծել է Ղուկասյանը։ Նա նշել է, որ անձամբ տիրապետում է ադրբեջանցի զինվորների բազմաթիվ թաղման վայրերի վերաբերյալ կոնկրետ տվյալների, սակայն այդ քարտեզների ու կոորդինատների փոխանցումը կատարվելու է բացառապես փոխադարձության սկզբունքով։
Արսեն Ղուկասյանը նաև հավելել է, որ հանրային հարձակումներն ու թշնամու հետ համագործակցելու մեղադրանքները չեն կանգնեցնի հարազատներին, ովքեր պատրաստ են դիմել ցանկացած քայլի՝ իրենց մերձավորների ճակատագիրը պարզելու համար։ «Այսպես կոչված այսօրվա իշխանությունը մեկ շաբաթ ժամանակ ունի՝ մեզ պարզաբանումներ տալու համար, իսկ դրանից հետո թող ոչ ոք չասի, թե ուր ենք գնում կամ ինչ ենք անում․ ես ճիշտ քայլեր եմ անում, և հանուն իմ երեխայի ճակատագրի ոչ ոք չի կարող ինձ խանգարել», — զգուշացրել է Արսեն Ղուկասյանը։ Նա ընդգծել է, որ եթե պետական մարմինները շարունակեն անտեսել իրենց պահանջներն ու պատասխանել միայն ճնշումներով, նշված ժամկետը լրանալուց հետո անհետ կորած զինծառայողների ընտանիքները կմիավորվեն և կսկսեն գործել ինքնուրույն։











