Հայաստանի իշխանությունները ծաղրական և նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերում իրավունքի նկատմամբ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է իրավաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով խորհրդարան անցած դաշինքի առանցքային անդամների շուրջ ստեղծված իրավիճակը։
Վարդևանյանը դատախազության վարքագիծը, որը շտապողականությամբ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան, որակել է որպես ծաղր իրավունքի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ դատախազությանը հայտնի էր, որ այսօր Ղազինյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ։ Այս համատեքստում նա ընդգծել է այն պնդումների սնանկությունը, թե իբր անձեռնմխելիությունը սկսվում է լիազորությունների ստանձնման պահից։ Սահմանադրական դատարանն իր ավելի վաղ կայացրած որոշմամբ հստակ արձանագրել է, որ անձեռնմխելիությունը սկսվում է կարգավիճակ ստանալու պահից, հիշեցրել է իրավաբանը։ Տեղի ունեցողը, ըստ Վարդևանյանի, աբսուրդի նոր նշասյուն է։
Նա նաև հայտնել է, որ այսօր ժամը 17:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կանցկացնի դատախազության միջնորդության վերաբերյալ՝ Նարեկ Կարապետյանի մասով, ով ժամը 15:00-ին ստանալու է պատգամավորի կարգավիճակ և անձեռնմխելիություն։ Թե կոնկրետ որ գործի մասին է խոսքը, իրավաբանը տեղյակ չէ։ Նա նշել է, որ պաշտպանական կողմն առաջարկել է միջնորդել իրավիճակին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու վերաբերյալ, սակայն Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն այլ է, և այն պետք է հարգել։
Նա ընդգծել է, որ Դավիթ Ղազինյանը, Հայկ Սուքիասյանն ու Նարեկ Կարապետյանը, ունենալով պատգամավորի կարգավիճակ, պետք է ազատության մեջ լինեն։ Իրավաբանը նաև տեղեկացրել է, որ (Ղազինյանի գործով) հսկող դատախազ Արթուր Դանիելյանի հետ գործում նշված համարով կապ հաստատելու փորձն ապարդյուն է անցել․ պատասխանել է մի կին և ասել, որ դա «Կոնվերս բանկի» հաշվապահությունն է։
Վարդևանյանը հերքել է թիմում առկա տարաձայնությունների մասին կարծիքները՝ հավաստիացնելով, որ հանրությունը Ազգային ժողովում կտեսնի նոր իրավիճակ և աշխատանքի նոր մոդել։ «Մանդատները վերցնելն ընտրողների առջև ունեցած պատասխանատվություն է։ Մանդատները չվերցնելը կնշանակի խուսափել պատասխանատվությունից»,- պարզաբանել է նա։ Մեկնաբանելով ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը՝ նա վստահեցրել է, որ պատասխանատվությունն անխուսափելի է, և ԿԸՀ անդամները նույնպես դա հասկանում են։











