Հայաստանի առեւտրային բանկերի չաշխատող (հսկվող, ոչ ստանդարտ եւ կասկածելի դասերի) վարկերի տեսակարար կշիռը 2011 թ. ընթացքում աճել է 0.3 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով 3.4%: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված «Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» հաշվետվության մեջ: Բանկերի չաշխատող ակտիվների (վարկերի եւ դեբիտորական պարտքերի) տեսակարար կշիռը աճել է 0.5 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով 3.3%:
Չաշխատող վարկերի եւ դեբիտորական պարտքերի մեծությունը ավելացել է 16.3 մլրդ դրամով եւ կազմել 45.9 մլրդ դրամ, իսկ ստանդարտ (լավորակ) ակտիվների մեծությունը աճել է 333.5 մլրդ դրամով եւ կազմել 1.36 տրլն դրամ:
Համեմատաբար ավելի բարձր է չաշխատող վարկերի կշիռը հանրային սննդի ու սպասարկման այլ ոլորտների, գյուղատնտեսության, առեւտրի վարկերում` համապատասխանաբար 5.2%, 4.7%, 4.2%:




























