Ազգային ժողովն այս անգամ ներկայացված է իր ամբողջ ներկապնակով,եւ այն բոլոր ուժերը, որոնք գործունեություն էին ծավալում, կտեղափոխվեն ԱԺ եւ այնտեղի ամբիոնից կարտահայտեն իրենց տեսակետները: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը:

«Բոլոր միջազգային դիտորդները, դիվանագիտական կորպուսը լավ գնահատական տվեցին, բայց մեզ համար շատ ավելի կարեւոր է հասարակության գնահատականը: Կարծում եմ մի շարք ամոթալի երեւույթներ՝ ծեծուջարդ, լցոնում, արդեն անցյալում են»,- նշեց նա՝ հավելելով, որ իր կուսակցությունն անցկացրեց շատ գրագետ ու սոլիդ քարոզարշավ:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ն չի կարծում, որ անթերի ընտրություններ են անցկացվել, բայց կարծում է, որ այս ընտրություններում տեղ գտած թերությունները կկարողանան շտկել մյուս ընտրություններին: «Որ շատ կազմակերպված էր, ավելի  քաղաքակիրթ էր, բոլորս տեսել ենք, բայց պիտի ամեն ինչ անենք, որ հետագայում մեր ընտրություններն ավելի լավը լինեն»,- նշեց նա:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ն մեծ ընտրազանգված ունի, ինչը ցույց էր տալիա նաեւ քարոզարշավի ընթացքը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀԿ-ի հանրահավաքներին նույնիսկ մանկապարտեզի երեխաներ էին ներկա լինում, նա նշեց, որ եթե մարդն իր երեխաի հետ է գնացել, ոչ մի խնդիր չկա, երեխան ընտրող չէ, թեեւ ինքը չի նկատել, որ համատարած երեխաներ լինեն ՀՀԿ-ի հանդիպումներին:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններին՝ Աճեմյանը նշեց, որ դրանք հիմնականում տեխնիկական էին, օրինակ՝ կնիքների շուտ անհետացումը, որը արագ շտկվեց:

Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն: